Search

Արա Բաբլոյանը ներկա է եղել Ֆելիչե Վարինի ցուցահանդեսի բացմանը


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12-ին ներկա է գտնվել Երեւան երկաթուղային կայարանում բացված շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինի «Վեցանկյուններ, շրջաններ և սեղաններ» ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մշակույթի, քաղաքական գործիչներ, դեսպաններ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով հայ-շվեյցարական հարաբերություններին, նշել է, որ պատմությունը երկու ժողովուրդներին հանդիպեցրել է ոչ պատահականորեն. հայերն ու շվեյցարացիները նույն հոգևոր և մշակութային արժեհամակարգի կրողներ են: Ինչպես անկախության 26-ամյակը բոլորող Հայաստանը, այնպես էլ իր 726-ամյակը նշող Շվեյցարիան, շարունակում են ուժ ստանալ ազատության զգացողությունից և դժվարությունները հաղթահարելու իրենց հզոր կամքից:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Շվեյցարիայի հետ համագործակցությունը թե որպես բժիշկ, թե որպես Հայաստան-Շվեյցարիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար: Նա մանրամասնել է, որ շուրջ երեք տասնամյակ շարունակվող համագործակցության ընթացքում իրագործվել են տարբեր, այդ թվում նաև առողջապահական ծրագրեր, որոնց շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել:

Արվեստագետ Ֆելիչե Վարինին իր ելույթում մասնավորապես նշել է. «Իսկապես ինձ համար շատ հաճելի է իմ ուրախությունը կիսել ձեզ հետ: Ես աշխատանքը միայնակ չեմ իրականացրել, մի ամբողջ թիմ օգնել է ինձ այն կյանքի կոչելու համար»,- ասել է Վարինին` աջակցության համար շնորհակալություն հայտնելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia