Search

Արմեն Աշոտյան. «Հայաստանը միջազգային անվտանգություն արտահանող երկիր է»


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Արմեն Աշոտյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակում: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարևորել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև արդյունավետ գործակցությունը և պատգամավորական բարեկամական խմբերի միջև շփումների ակտիվացումը:

Իր հերթին դեսպան Միլսը շնորհավորել է Արմեն Աշոտյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել միջխորհրդարանական համագործակցության խորացումը:

«Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը խորհրդարանական դիվանագիտության առանցքային կառույցներից մեկն է: Մենք ակնկալում ենք շարունակել հանձնաժողովի հետ արդեն իսկ ձևավորված գործընկերությունը՝ այժմ արդեն Ձեր հմուտ ղեկավարության ներքո ու համալրված նոր անդամներով, և արձանագրել նորանոր ձեռքբերումներ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ճանապարհին», - ասել է Ռիչարդ Միլսը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Վերլուծական խորհուրդ» աշխատանքային խմբի ձևավորմանը և գործունեության նպատակներին: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային հիմնախնդիրներին: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Այս համատեքստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արմեն Աշոտյանը կարևորել է հարցի խաղաղ լուծումը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը և բարձր է գնահատել այս հարցում ԱՄՆ-ի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Հայաստանն ակնկալում է առավել հասցեական մոտեցումներ:

Անդրադառնալով երկու երկրների համագործակցության ուղղություններին՝ դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերություններն ամուր են:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանն ու անելիքներին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia