Search

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» ընկերությունից, որը գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից է Հայաստանում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է արտադրական հզորություններին և ապրանքատեսականուն, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու զարգացման ծրագրերին: Շուրջ 6000 քմ արտադրական տարածք և մինչև 1000 քմ օժանդակ կառույցներ զբաղեցնող «Լենտեքս» ՍՊԸ-ն հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանանց և մանկական գուլպեղեն, ինչպես նաև տրիկոտաժեղեն: Ձեռնարկությունն ունի ավելի քան 300 աշխատակից, շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ ՀՀ դրամը: Արտադրանքն իրացվում է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Վարչապետը կարևորել է «Լենտեքս» ՍՊԸ գործունեությունը և կառավարության անունից ընկերության զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել: Հաջորդիվ Կարեն Կարապետյանը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ այստեղ իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ՝ Շիրակացի փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում։ Ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը խճապատվել ու բետոնապատվել է: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերի վերանորոգման աշխատանքներ: Փողոցի վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացնում է «Հայնախագիծ» ԲԲԸ-ն: Վարչապետը նաև շրջայց է կատարել Գյումրու «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունների, Գյումրու պետական բժշկական քոլեջի տարածքում: Կարեն Կարապետյանը եղել է «Տավրոս» կոշիկի գործարանի ֆիրմային խանութում, և, ծանոթանալով ապրանքատեսականուն, ողջունել է տեղական արտադրության զարգացմանը միտված նախաձեռնությունները: Լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով այցի արդյունքները, վարչապետը դրական է գնահատել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում կատարվող շինարարական աշխատանքները՝ նշելով. «Սեպտեմբերին ավարտում ենք այս փողոցի շինարարությունը: Կարծում եմ՝ օրինակելի, նոր ենթակառուցվածքներով՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, կապ, փողոց ենք կառուցում և փողոցային շինարարության նոր մշակույթ ենք ներդնում»: Ինչ վերաբերում է վերոնշյալ ընկերություններում շրջայցին, կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ դիտայցի նպատակն էր ուսումնասիրել նշված տարածքները պետական գերատեսչությունները ավելի ռացիոնալ տեղաբաշխելու և ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia