Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

Հուլիսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆամ Բին Մինը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Իր ուղերձում ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ անցած քառորդ դարի ընթացքում երկու երկրներն իրական գործընկերություն են ձևավորել և զարգացրել փոխշահավետ համագործակցություն, որը ներառում է հարցերի լայն շրջանակ:
ԱԳ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Վիետնամի հետ համագործակությունը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի բացահայտելու փոխգործակցության ողջ ներուժը և առավել ընդլայնելու հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունները:
Եզրափակելով ուղերձը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարեկամ Վիետնամին մաղթեց բարգավաճում և առաջընթաց, ինչպես նաև հայ-վիետնամական հարաբերությունների շարունակական զարգացում:
Վիետնամի ԱԳ նախարարն իր ուղերձում նշեց, որ անցած 25 տարիների ընթացքում Վիետնամ-Հայաստան հարաբերությունները մշտապես ամրապնդվել և զարգացել են՝ դրական ներդրում ունենալով երկու երկրների խաղաղության և բարգավաճման, կայունության և աշխարհի ընդհանուր առաջընթացին ուղղված բարեկամական համագործակցության գործում:
Ֆամ Բին Մինը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները կշարունակեն ակտիվորեն աշխատել Վիետնամի և Հայաստանի միջև ավանդական բարեկամության խթանման ուղղությամբ, ինչը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից:
Վիետնամի ԱԳ նախարարն Էդվարդ Նալբանդյանին և մյուս հայ դիվանագետներին մաղթեց նորանոր նվաճումներ պետականաշինության ազնիվ գործում:




Comments