«Վերլուծական խորհուրդը» քննարկել է խորհրդարանական դիվանագիտության հիմնախնդիրները
«Վերլուծական խորհրդի» անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախագահությամբ հուլիսի 14-ին անցկացրել են հերթական աշխատանքային նիստ, որտեղ քննարկվել է «ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Վերլուծական խորհրդի» աշխատակարգը, որով սահմանվում են խմբի գործունեության իրավական հիմքերը, նպատակները, խնդիրները, գործառույթները, խորհրդի կազմը, կառուցվածքն ու գործունեության կարգը:
Քննարկվել են հանձնաժողովի անդամների, ինչպես նաև «Վերլուծական խորհրդի» անդամների առաջարկներն աշխատակարգի վերաբերյալ, որոնց մեծ մասը, ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ընդունելի է: Աշխատակարգը կհաստատվի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի առաջիկա նիստում:
Հաջորդիվ քննարկվել է օրակարգի երկրորդ՝ խորհրդարանական դիվանագիտության իրականացման մեխանիզմների և բովանդակության վերաբերյալ հարցը, որի, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամական խմբերի հետ աշխատանքի, ՀՀ ԱԺ պատվիրակությունների հետ համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկները, պատկերացումներն ու տեսլականն են ներկայացրել «Վերլուծական խորհրդի» անդամները:
Այս համատեքստում Արմեն Աշոտյանը ներկայացրել է խորհրդարանական դիվանագիտության ներկա գործընթացներն ու անելիքները:
Քննարկվել և որոշվել են առաջիկա նստաշրջանում նախատեսվող խորհրդարանական լսումների թեմաներն ու ուղղությունները:




Comments