top of page

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստ

Jul 11, 2017
1 min read

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նիստի ընթացքում քննարկվել է «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նախագծով կարգավորվում են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ նպատակ ունենալով ապահովելու պատվիրակությունների գործունեության արդյունավետությունը: Ամրագրվել է պատվիրակության անդամների անձնական պատասխանատվության խնդիրը, թվարկվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է խարսխվի խորհրդարանական պատվիրակության յուրաքանչյուր անդամի գործունեությունը: Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, ՀՀ ԱԺ որոշմամբ միջխորհրդարանական կապերի, խորհրդարանական դիվանագիտության իրականացման համատեքստում օժտված լինելով համապատասխան գործառույթներով, որոշակի դերակատարություն է ստանձնում այդ աշխատանքների համակարգման հարցում, ինչը և ամրագրված է փաստաթղթում: Քննարկումների արդյունքում ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը հաստատվել է:

Այնուհետև քննարկվել է «Ազգային ժողովի բարեկամական խմբեր ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը ևս ներկայացրել է Արմեն Աշոտյանը: Նշվել է, որ նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, առաջարկվել է 58 բարեկամական խմբերին ավելացնել ևս մեկը՝ Հայաստան-Հորդանան բարեկամական խումբը: ՀՀ ԱԺ խորհրդի անդամները քննարկումների արդյունքում հաստատել են վերոնշյալ նախագիծը, ինչպես նաև Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը:


 
 
 

Comments


bottom of page