Search

Թումանյան փողոցի բացօթյա սրճարանների գործունեությունն այլևս չի խոչընդոտի հետիոտների անցուդարձին



Նախօրեին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտների տեղաշարժին: Ըստ այդմ, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչությունները, հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների աջակցությամբ արդեն այսօր նախաձեռնել են մայրաքաղաքի, մասնավորապես՝ Թումանյան փողոցի` Հյուսիսային պողոտայի հատման մասից մինչև Աբովյան փողոցի հատման մասն ընկած հատվածում առկա բացօթյա սրճարանների սահմանազատման աշխատանքները: Մայթի կեսից ավելին սրճարանների սեղան-աթոռներով կամ առևտրի օբյեկտների սառնարաններով զբաղեցված հատվածներում իրականացվում են տարածքների կարգաբերման աշխատանքներ: Սրճարանների և առևտրի օբյեկտների գույքը տեղափոխվում է հատկացված տարածքներ, քանդվում են ծածկերը, մայթերն էլ ազատվում են հետիոտնի անարգել անցուդարձն ապահովելու համար: Այս աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կիրառվելու են բոլոր այն վայրերում, որտեղ սեզոնային սրճարաններն ու հասարակական սննդի օբյեկտները շահագործող տնտեսվարողները գերազանցել են իրենց գործունեությունը կազմակերպելու համար քաղաքապետարանի կողմից հատկացված տարածքները:

Այս աշխատանքները որևէ նպատակ չունեն սահմանափակելու կամ արգելելու սեզոնային այս գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների առևտրային գործունեությունը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia