Աշխատանքային հանդիպում Երևանի հյուրանոցային տնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Երևանում գործող հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարել է Երևանի քաղաքապետի օգնական, քաղաքային տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը:
Ողջունելով ներկաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից՝ Մարիա Բարաղամյանը ներկայացրել է քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի կողմից Երևանում զբոսաշրջության զարգացմանը միտված նախաձեռնություններն ու ոլորտում իրականացվելիք քայլերը:
Հանդիպման ընթացքում տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը ներկայացրել է այն ուղղությունները, որոնց շուրջ քաղաքապետարանը համագործակցության առաջարկներ է պատրաստել: Դրանք առնչվում են «Երևան Սիթի Տուր» քաղաքային ծրագրին, Կենդանաբանական այգուն, համայնքային թանգարաններին, զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվական աջակցությանը և միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը:
Ընդգծելով երկկողմանի համագործակցության կարևորությունը՝ քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը հույս է հայտնել, որ համատեղ ծրագրերն ու իրականացվող աշխատանքները կնպաստեն քաղաքային տուրիզմի զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին:
Հանդիպման ընթացքում հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչները հանդես են եկել Երևանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված իրենց հարցադրումներով և առաջարկներով: Երկուստեք կարևորվել է 2018 թվականին՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին, առավել ներկայանալի և գրավիչ դարձնել մեր մայրաքաղաքը զբոսաշրջիկների համար: