Search

Ռեժիմը սկսում է իր ապալեգիտիմացման որակապես նոր փուլը. «Հիմնադիր խորհրդարան»



Բացահայտելով իր նեոստալինյան էության փտած «եվրասիական» գենետիկան ռեժիմը սկսում է իր ապալեգիտիմացման որակապես նոր փուլը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանը»:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին բոլշեւիկն» եւ իր «Համիդիեի» վերածված ոստիկանությունը իրենց ցողունացված ողնուղեղներով անգամ զգում են, որ ազատագրական երկար պայքարում կոփված, բանտեր ու կտտանքներ տեսած, իրենց մարտական ու քաղաքացիական արիությունը բազմիցս ապացուցած «Սասնա ծռերը» այն ոսկորն են դառնալու, որը իրենք չեն կարողանալու կուլ տալ: Այստեղից էլ իբրեւ թե ուժի ցուցադրություն հանդիսացող, բայց իրականում սեփական բարոյական ողորմելիությունը մատնող, գարշանք ու արդարացի ցասում առաջացնող ամենաթողության կամ իրենց լեզվող ասած «բեսպրեդելի» գործողությունները, որոնք ձեռնարկվեցին երեկ՝ կտտանքների զնդանի վերածված «դատարանում»:

«Սասնա ծռերի» եւ նրանց պաշտպանների, ինչպես նաեւ «դատարանում» եւ նրա շրջակայքում գտնվող համակիր բազմության նկատմամբ իրականացված բռնի ու անհամաչափ ուժի կիրառումով սկսում է արագ պատռվել «նարիմանովյան» «սահմանադրությամբ» «եվրովերանորգված» եւ «Կարենով Կարապետյան»- թզի տերեւով ծաղկեցված դիմակը:

Բացահայտելով իր նեոստալինյան էության փտած «եվրասիական» գենետիկան ռեժիմը սկսում է իր ապալեգիտիմացման որակապես նոր փուլը: Իրավական ամենաթողության պայմաններում բնական իրավունքը եւ նրա կարեւորագույն բաղկացուցիչ՝ բռնակալության դեմ ապստամբության եւ ինքնապաշտպանության իրավունքը, դառնում են ոչ միայն «Սասնա ծռերի» ու նրանց համակիրների, այլեւ աչք, ականջ եւ արժանապատվություն ունեցող եւ իրենց ապագան Հայաստանում տեսնող քաղաքացիների կյանքին իմաստ հաղորդող եւ ազատագրական գործողությունները ոգեչնչող միակ լեգիտիմ իրավական հենարանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պատտպան Արայիկ Պապիկյանը հայտարարել էր, որ Խանդոյանը խոշտանգվել է ամենադաժան եւ ամենաանմարդկային ձեւով հենց դատարանի շենքում, նկուղում:

«Երեւանի Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում մոտ 15 մարդ հերթով ծեծել են Արայիկ Խանդոյանին: Պատճառն այն է եղել, որ երբ Արեգ Կյուրեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին տշելով տարել են, Արայիկը հարցրել է, թե որն է պատճառը, այդ մարդիկ սկսել են նրան ծեծել: Արայիկ Խանդոյանն առնվազն ուղեղի ցնցում է ստացել, հարվածներ է ստացել գլխի, երիկամների եւ ոտքերի շրջանում, բավականին երկար ժամանակ ծեծել են նրան: Ես տեղեկություն ունեմ, որ Սմբատ Բարսեղյանին եւ Գագիկ Եղիազարյանին նույնպես դաժան ձեւով ծեծել են»,- ասել է պաշտպանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հունիսի 28-ին, բախում էր տեղի ունեցել ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել էին ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Այս ամենը տեսնելով՝ դահլիճում գտնվող հարազատները սկսել էին գոռգոռալ եւ հարվածել ապակիներին: Կարգադրիչները հեռացրել էին հարազատներից մի մասին: Պաշտպանները ավելի ուշ ահազանգել են, որ իրենց պաշտպանյալներին դատարանի նկուղում ծեծի են ենթարկել:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia