top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սպորտի փողոցում խայտառակ իրավիճակ է


Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սպորտի փողոցում խայտառակ իրավիճակ է: Մայիսի 31-ից գլխավոր ջրագծից խմելու ջուրը լցվում է 23 տան նկուղը և հարակից բնակիչների բակը: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի թեժ գծով արդեն մեկ շաբաթ բնակիչները տեղեկացնում են, բայց «Ձայն բարբառո հանապատի»: Համապատասխանաբար տեղեկացվել են Աջափնյակի համապատասխան կառույցները, Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Բոլորը միաբերան հաղորդում են, թե խնդիրն իրենց իրավասությունների սահմաններից դուրս է: Բնակիչներից տիկին Կարինեն բարձրաձայնում է. «արդեն մեկ շաբաթից ավելի ջուրը հոսում է, ոչ մեկի պետքը չի, դա բնակչի խնդիրը չէ, ճանապարհի տակից լցվում է բնակչի նկուղը, ով պետք է լուծի այդ խնդիրը, արդեն համբերության բաժակը լցվել է, բա սա պատասխանատվություն է, բա համապատասխան կառույցներին չմտահոգի, որ ջրի կորուստ կա, էն էլ խմելու ջրի կորուստ: Եթե հիմա միացնեմ բակում ջրեմ, կգան 200 000 դրամ կտուգանեն, բա նորմալ է»: Հարևանուհին՝ տիկին Անահիտը, ընդմիջում է և ասում. «Ամբողջ բակս ջուրը լցվել, ցեխակոլոլ է եղել, իմ ընտանիքը սոցալապես անապահով է, որտեղից փող գտնեմ, որ աստիճաններս նորոգեմ, ինչքան ջուր գա լցվի, որ ամբողջ բակը քարուքանդ դառնա, բա ով պետք է կրի այս պատասխանատվությունը»:

Բնակիչների ահազանգերը, որ գոնե խորհրդատվություն տան, որ իրենց անձնական միջոցներով խնդիրը լուծեն, մասնագետների այցելությունից հետո գոնե հստակ հատված չեն նախանշել, որպեսզի քանդման աշխատանքներ իրականացվեն:

Ինքս հավաքում եմ թեժ գծի համարը՝185, միանում եմ, պատասխանում է երիտասարդ կին, ներկայանում եմ որպես լրագրող, ներկայացնում եմ խնդիրը, պարզվում է հեռախոսավարուհին միայն բաժանորդների հարցերին կարող է պատասխանել, ուղղորդում է, որ զանգահարեմ իրենց լրագրողին՝ Մուրադ Սարգսյանին: Աշխատակցուհին չգիտի էլ, որ Մուրադ Սարգսյանն իրենց համակարգի մամուլի խոսնակն է: Զանգահարում եմ Մուրադ Սարգսյանին՝ տեղեկացնում եմ խնդրի մասին, ասում է՝ ես այդ հարցին չեմ տիրապետում, եթե թերթում հրապարակում լինի՝ կդնեմ քննարկման: Զարմանալի է, որ այդքան մեծ ընկերությունն անպատրաստ PR պատասխանատու ունի, վերջինիս խնդիրը նաև կայանում է նրանում, որ կանխարգելի վտանգը, լուծում տրվի խնդիրներին, այլապես վարկանիշ վերականգնելն ավելի դժվար է:

Հարգարժան Վեոլիա Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, ջուրը մեր երկրի հարստությունն է, ջրի կորուստը՝ Ձեր ընկերության խնդիրը, իսկ PR պատասխանատուն հանրույթի և ընկերության, ԶԼՄ և ընկերության կապող օղակը, ով պատասխանատու է տվյալ ընկերության վարկանիշի համար: Խնդրում ենք, խնդրին անհապաղ լուծում տալ, ջուրն ափսոս է:




Հ.Գ. Տեսնենք Վեոլիա ջուր ՓԲԸ-ի գործողությունները որոնք են լինելու:

0 comments
bottom of page