Search

Երբ կյանքի համար պայքարը հաջողությամբ է պսակվում



Մայիսի 26-ին վրաերթի ենթարկված չորսամյա տղան այսօր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք։

Բժիշկների գնահատմամբ փոքրիկի վիճակն այնքան ծանր է եղել, որ հիվանդանոց հասցնելուց անմիջապես հետո տարվել է վիրահատարան։ Վիրահատությանը զուգահեռ կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները:

Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Գևորգ Ալոյանը, վնասվածքաբաններ Աշոտ Հարությունյանը, Աշոտ Ադամյանը, միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը, անեսթեզիոլոգ­ռեանիմատոլոգ Միքայել Շաքարյանը տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի անմիջական հսկողությամբ չորս և կես ժամ վիրահատել են բեռնատարի հարվածից բազմակի վնասվածքներ ստացած տղային։

Ձախ բազկոսկրի, նախաբազկի ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, տարածուն, լաթաձև վերքեր, ջնջխված հյուսվածքներ, ճաճանչային նյարդի ամբողջական վնասում, ձախ ազդրի լաթաձև վերքեր։ Աջից՝ սրունքի ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, սրունքի մագիստրալ (հիմնական սնուցող) զարկերակի վնասում, նշված վերջույթների սնուցման խանգարում, ձախ անրակի կոտրվածք և այլն։ Այս ամենի արդյունքում` երրորդ աստիճանի տրավմատիկ շոկ։

Բժշկական տերմիններով որքան էլ մանրամասն նկարագրվի տղայի վնասվածքները, անհնար կլինի պատկերացնել իրական վիճակը, որի լուսանկարներն անգամ ամուր նյարդեր ունեցողներին էին սարսուռ պատճառում։

Գևորգ Ալոյանի խոսքով բարդագույն, եզակի այդ վիրահատության ընթացքում մասնագետները հաճախ են ստիպված եղել այդ պահին, տեղում կողմնորոշվելու, կիրառելու ֆիքսման այնպիսի ձևեր, որոնք երեխաների մոտ շատ հազվադեպ են իրականացվում։

Վիրահատությունից անցել է 10 օր։ Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ։ Երեխան մինչ այսօր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքի փորձառու ղեկավար Աննա Չոբանյանի և ողջ անձնակազմի, ինչպես նաև նյարդավիրաբույժների մշտական ուշադրության ներքո։ Ստացած բուժման և մասնագետների ամենօրա հոգատարության արդյունքում այլևս նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տուժածի դաստակը և ոտնաթաթը վարդագույն են, ինչը նշանակում է, որ վերականգնված վերջույթներում արյան շրջանառությունը պահպանված է և դրանք կորցնելու վտանգ այլևս չկա։ Ներքին օրգանների ֆունկցիաները նույնպես պահպանված են։

Ծայրահեղ ծանր վիճակից դուրս է բերվել, նրա վիճակն այժմ գնահատվում է կայուն։ Չորսամյա տղային առջևում սպասվում են վերականգնողական, պլաստիկ վիրահատություններ։

Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշում է, որ սա անցած ամսվա ընթացքում նման երկրորդ դեպքն է։ Նախորդ վթարից տուժածի վերջույթը, ցավոք, պահպանել չի հաջողվել։

Մեկ ամիս առաջ ծնված հնգյակի աղջիկներից մեկին կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին ներկայացված իննամյա Դավթի դեպքը նույնպես եզակի էր։ Արցախում ծնվել էր կյանքի հետ անհամատեղելի բնական արատով՝ կերակրափողի ատրեզիայով։ Նորածնի մոտ կերակրափողի վերին հատվածը փակ էր, իսկ ստորինը՝ միացված շնչափողին։ Տղային անմիջապես տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Պրոֆեսոր Նիկոլայ Դալլաքյանը վիրահատության ժամանակ կատարել է խուղակի անջատում և կերակրափողի պլաստիկա։ Տղան ապաքինված դուրս է գրվել։

«Ցավոք, ծնողները չկարողացան պատշաճ ուշադրություն դարձնել, մասնագետների խորհուրդները հետևողականորեն չէին կատարվում, երեխան լիարժեք չէր ստանում անհրաժեշտ խնամքը, ինչի հետևանքով ստիպված եղանք ևս մի քանի վիրահատություն կատարելու՝ նեղացած կերակրափողի լայնացումներ, հակառեֆլյուքսային վիրահատություն»,­ասում է Նիկոլայ Դալլաքյանը։

Ի վերջո, կայուն նեղացման և կերակրափողի դիվերտիկուլի մեջ հայտնաբերված բրոնխների հետ խուղակները կյանքի համար նոր վտանգ են հանդիսացել։

Տղայի կյանքը փրկելու միակ ելքը եղել է ախտահարված կերակրափողի հեռացումը։ Հայաստանում առաջին անգամ երեխայի մոտ ստամոքսը տեղափոխվել է կրծքավանդակ և բերանակցվել կերակրափողի պարանոցի մակարդակին։

Տղան այժմ նորմալ սնվում է, ապաքինված դուրս է գրվել և վերադարձել Արցախ։

Բազմապրոֆիլ այս հիվանդանոցում գիշեր ու զօր պայքար է կյանքի համար...


Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png