Search

Սերժ Սարգսյանը ընդունել է Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի նախագահին



Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի խոշորագույն մշակութային հաստատության՝ Գյոթեի ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ պարոն Լեհմանի այցը Հայաստան նոր սկիզբ կդառնա հայ-գերմանական կրթամշակութային համագործակցության զարգացման և այդպիսով նաև երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման համար: Նշելով, որ այս տարի Հայաստանը և Գերմանիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը` Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անցած այդ տարիների ընթացքում հայ-գերմանական հարաբերությունները միայն վերընթաց զարգացում են ունեցել՝ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձևավորվել են կայուն միջխորհրդարանական հարաբերություններ, հաջողությամբ զարգանում են առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը կրթության, մշակույթի ոլորտներում և ապակենտրոնացված մակարդակում: Այդ ամենը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, լավ հիմք է խթանելու Հայաստանում գերմաներենի առավել խորացված ուսուցումը, ինչն էլ իր հերթին կնպաստի փոխշահավետ բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանը: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են 2009 թվականից Հայաստանում գործող Գերմաներենի ուսուցման կենտրոնին զուգահեռ գերմաներենի տարածմանը նպաստող այլ հնարավորությունների, այդ թվում՝ Գյոթեի ինստիտուտի կենտրոնի հիմնման հարցը: Նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել նման լուծման հանգելու դեպքում պետության կողմից աջակցություն ցուցաբերելու այդ նախաձեռնության իրականացմանը: Կլաուս-Դիթեր Լեհմանը վստահեցրել է, որ Գյոթեի ինստիտուտը լավագույն ջանքը կներդնի Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու համար:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia