Search

Երեխաները մեր ապագան են



Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը, գեղեցիկ նախաձեռնությամբ էին հանդես եկել «Նվիրում» բարեգործական հիմնադրամը և ՀՀ ՊՆ նախարարին կից հասարակական խորհրդի անդամները՝ 2014-2016 թվականներին մարտական դիրքերում զոհված, մանկահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքներից 13 ընտանիքների 27 երեխաներին և նրանց ծնողներին տոն պարգևելով: Երեխաները հնարավորություն ունեցան Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում դիտել Հ. Թումանյանի «Անբան Հուռին» ներկայացումը, այնուհետև մանկական սրճարանում վայելել երգ ու պար, հյուրասիրություն, կտրել տոնական տորթը:

«Նվիրում» բարեգործական հիմնադրամն ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 7-ին` մարտական գործողությունների, հերթապահության և առաջադրանք կատարելիս զոհված զինծառայողների և կամավորականների ընտանիքների, ինչպես նաև վիրավորված և վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողների և կամավորականների սոցիալական և բժշկական աջակցության նպատակով:

Հիմնադրամը տրամադրում է միանվագ դրամական օգնություն, անչափահաս և ուսանող երեխաներին, անաշխատունակ ծնողներին և հաշմանդամներին ամենամսյա թոշակներ, կատարում է հոգեբանական աջակցություն, իրավական պաշտպանություն, իրականացնում է վիրավորված և վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողների և կամավորականների սոցիալ-վերականգնողական ծրագրեր, երեխաների համար կրթամշակութային ծրագրեր, աջակցում է կենցաղային կարիքները լուծելուն և անցկացնում է հիշատակի ու գնահատանքի միջոցառումներ:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, անդամներն են` ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հ/կ նախագահ Ավետիք Իշխանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, «Մեդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ նախագահ Ամո Շարոյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը և «Հայ ասպետ» կրթաբարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը: «Նվիրում» բարեգործական հիմնադրամի տնօրենն է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյանը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ երեխաները մեր ապագան են, և «Նվիրում» բարեգործական հիմնադրամն իր միջոցներով ցանկանում է տոն պարգևել երեխաներին ու ծնողներին` անկախ ամեն ինչից: Փորձում է թեթևացնել որբևայրի կանանց վիշտը` նրանց երեխաներին ուրախացնելով: Այս պահի դրությամբ հիմնադրամի ուշադրության կենտրոնում են 50 ընտանիք, որոնք ունեն մանկահասակ երեխաներ:

ՀՀ ՊՆ նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Աստղիկ Ավետիսյանն էլ մաղթեց, որ փոքրիկների պայծառ աչուկները երբեք չտխրեն՝ մեր պարտքն է հնարավորության սահմաններում աջակցել երեխաների հրաշալի ապագա կերտելու գործընթացին, եթե նրանք լինեն աչալուրջ և աշխատասեր, ապա կարող են բարձունքներ գրավել:

Հակոբ Թադևոսյանն ու Կարին Տոնոյանն աշխուժացնում էին երեխաներին ու ծնողներին` կազմակերպելով խաղեր և մրցույթներ:

Ծնողների շնորհակալական խոսքերը և երեխաների գոհ ժպիտը վկայում էին, որ օրը ստացվել էր:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia