Search

Բացվեց «Ծաղիկներ Երևանին» խորագիրը կրող ցուցահանդեսը



Երևանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց «Ծաղիկներ Երևանին» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ ժամանակակից քսան նկարիչների մասնակցությամբ: Յուրաքանչյուր աշխատանքը առանձնանում էր իր վառ գունային խաղով։

Ցուցահանդեսի բացումն ուղեկցվեց ժողովրդական նվագարանների անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Լևոն Թևանյան) կատարումներով, իսկ ներկաներին ծաղիկներ նվիրեցին «քայլող» ծաղիկները: Տնօրեն Ռիտա Շառոյանը պարզաբանում է՝ ինչու «Ծաղիկներ Երևանին». «Երբ մարդուն ծաղիկ ես նվիրում, ուրախանում է. մենք էլ որոշեցինք մեր քաղաքին այսպես ուրախացնել՝ նվիրելով ծաղկային կտավներ: Մեր խնդիրն այսօր արվեստով քաղաքը շենացնելն ու պահպանելն է: Յուրաքանչյուր նկարիչ իր նկարի միջոցով փորձում է գաղտնազերծել եւ առաջ քաշել խնդիրներ: Գեղանկարների կողքից անցնելիս կարծես անգամ զգում ենք դրանց բույրը: Կարծում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը կունենա այդ զգացողությունը:»:

Նկարչուհի Նարգիզ Փաշայանի խոսքով՝ ինքն այժմ ուրախ է, որ այսօր կան մարդիկ, ովքեր աջակցում են նկարիչներին ներկայացնելու իրենց աշխատանքները: «Գաղտնիք չէ, որ այսօր շատ քիչ հարթակներ կան նկարիչների համար` ներկայացնելու իրենց աշխատանքները հանրությանը. այս ցուցահանդեսը նրանցից մեկն է, որտեղ ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ, բայց տաղանդաշատ նկարիչները հնարավորություն ունեն իրենց ուղերձը հասցնելու զանգվածային լսարանին»,- ասաց Նարգիզ Փաշայանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մայիսի 17-ը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia