Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Հանրային խորհուրդը քննարկել է ՊՆ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը



Հանրային խորհրդում մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու խորհրդի անդամները քննարկել են Ազգ-բանակ հայեցակարգի եւ դրա շրջանակներում նախատեսվող «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի հիմնադրույթները: Ներկայացնելով ծրագրերի նպատակը՝ նախարարը նշել է, որ դրանց իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրողություններով:

Հանրային խորհրդից ANEWS.am-ին հայտնում են, որ խոսելով «Պատիվ ունեմ» ծրագրի մասին եւ ներկայացնելով դրա բովանդակությունն ու իրականացման մեխանիզմները՝ Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին՝ միաժամանակ լինելով սպայական կարգավիճակում: Ծրագրի կարեւոր արդյունքներից է լուրջ սպայական պահեստազորի ձեւավորումը: Իսկ մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ եւ առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:

Ներկայացնելով «Ես եմ» ծրագիրը, որի դեպքում նորակոչիկները իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային, նախարարը նշել է, որ ծառայությունը կտեւի 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում եւ երկու շաբաթ` առաջնագծում: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում: Նախարարը համոզված է, որ գումարի երեք նպատակային կիրառումն էլ երիտասարդներին երկրի հետ կապող երաշխիքներ է ստեղծում, քանի որ ապագան Հայաստանում կառուցելու հնարավորություն է տալիս:

Վիգեն Սարգսյանը նաեւ հայտնել է, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը կարգավորվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ «Ես եմ»-ը օրենսդրական փոփոխություն է ենթադրում` հավելելով, որ առհասարակ, ոլորտի օրենսդրությունը վերանայելու անհրաժեշտություն կա, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

Հանրային խորհրդի անդամներն ընդհանուր առմամբ դրական են արտահայտվել երկու նախագծերի վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնելով որոշակի հարցադրումներ, մտահոգություններ ու առաջարկներ: Մասնավորապես ՀԽ անդամները հետաքրքրվել են, թե արդյոք ծրագրերը քննարկվե՞լ են բուհերում, ուսանողների ու երիտասարդության շրջանում եւ արդյոք սոցիոլոգիական հարցումներ անցկացվե՞լ են պարզելու թիրախային խմբի վերաբերմունքն ու տրամադրվածությունը ծրագրերի նկատմամբ: Նախարարը հայտնել է, որ որոշակի քննարկումներ ու հետազոտություններ անցկացվել են, սակայն դրանք շարունակական են լինելու, եւ առհասարակ ծրագրերի նպատակահարմարությունը դառնալու է հանրային լայն քննարկման առարկա:

Հանրային խորհուրդը կարեւորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք զինծառայության նկատմամբ ոչ թե նյութական շահագրգռվածություն կառաջացնեն, այլեւ խնդիրը կդիտարկեն բարոյահոգեբանական հարթության մեջ՝ ապագա զինծառայողի մեջ սերմանելով հայրենասիրություն, ազգային մտածողություն ու բարձր պատասխանատվություն:

Հանրային խորհուրդը կարեւորել է այն հանգամանքը, որ ծրագրերում պարտադիր բաղադրիչը բացակայում է, եւ գործելու է կամավորության սկզբունքը: Նախարարն էլ հավելել է, որ այս ծրագրերով զինվորական ծառայության մեջ ներդրվում է այլընտրանքային համակարգ, ինչն ավելի արդյունավետ կդարձնի զինվորական ծառայությունն ու պաշտպանության ոլորտի խնդիրների իրականացումը:

Վիգեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկումների ընթացքում հաշվի առնել Հանրային խորհրդում հնչած մտահոգություններն ու ներկայացված առաջարկները:

Խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են նաեւ սահմանամերձ բնակավայրերի պաշտպանունակության բարձրացման խնդիրները: Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է սահմանամերձ բնակավայրերի խնդիրների մանրամասն ուսումնասիրությամբ, լուծման եղանակների ու համապատասխան ծրագրերի իրականացման աշխատանքներով:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով Պաշտպանության նախարարին ծրագրերն անձամբ Հանրային խորհրդին ներկայացնելու պատրաստակամության համար, նշել է, որ հայկական բանակի պատմությունը մտնում է մի նոր փուլ՝ սկսելով կամավորական ջոկատների ստեղծումից, դառնալով կանոնավոր, մարտունակ բանակ, իսկ այժմ արդեն ձեւավորելով ժամանակակից զինված ուժեր՝ սերտորեն կապված ժողովրդի հետ եւ հասարակության պահանջներին համահունչ: