Search

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է Ալեքսանդր Բաղրամյանի անհատական ցուցահանդեսը



Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել վաստակաշատ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված «Երևանցի» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցահանդեսի բացումը համընկել է հեղինակի 69-ամյակի հետ: Ցուցադրությանը ներկայացվել է 72 դիմանկար: Աշխատանքներում մայրաքաղաքի կյանքում իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեցած մշակութային հայտնի գործիչներ են, գրողներ, գիտնականներ, նաև քաղաքական դեմքեր:

Շնորհավորելով ծննդյան տարեդարձի և ցուցահանդեսի բացման առթիվ` Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր խոսքում առանձնահատուկ ընդգծել է Ալեքսանդր Բաղրամյանի ավանդն ու ներդրումը հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության գանձարանում:

Ալեքսանդր Բաղրամյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնությունն ստանձնելու և իրականացնելու համար՝ ընդգծելով, որ անկախության տարիներից ի վեր այն իր առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված է այդ քանակի ստեղծագործություն:

Սերունդների գեղագիտական դաստիարակության գործում և հայ կերպարվեստում ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Նշենք, որ «Երևանցի» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 2-ը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia