Search

Մեկնարկեց «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀ



Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը մինչև 2020 թվականը Հայաստանում նախատեսում է աջակցություն երեք հիմնական ուղղություններով՝ զբոսաշրջություն, գինեգործություն և ՏՏ ու ինժեներինգ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն:

«Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել «կանաչ» և ընդգրկուն զարգացմանը տարածաշրջանի երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 29,7 մլն եվրո: Հայաստանն աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում է՝ սահմանափակ ռեսուրսներով: Այդուհանդերձ, հայերը դիմացկուն են, հարմարվող ու ստեղծագործ: Հիմնական խնդիրն այստեղ այն է, որ մասնավոր եւ պետական հատվածի միջև առկա է համագործակցության բաց, սակայն նկատում ենք դրական փոփոխություն երկու կողմից էլ»,- նշեց Հուգոն` ընդգծելով GIZ-ի արդյունավետ համագործակցությունը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ: Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել մասնագիտական ուսուցումը և ամրապնդել հանրային-մասնավոր հատված համագործակցային մոդելը Հայաստանում: Այս շրջանակում շեշտադրվելու է մասնավոր հատվածի ներգրավումը մասնագիտական ուսուցման գործընթացներում և համագործակցությունը կրթական ծրագրեր մատուցողների հետ՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական ուսուցման ծրագրեր մշակելու համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն էլ նշեց, որ իրականացվող ծրագիրը ոչ միայն օժանդակում է նախանշված ոլորտների բարելավմանը, այլև հնարավորություն ստեղծում այդ ոլորտներում տարածաշրջանային համագործակցության խորացման համար: Փոխնախարարն ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանը հասկանալի պատճառներով խնդիրներ ունի Ադրբեջանի հետ ոլորտային համագործակցության հարցում, հետևաբար GIZ-ը նաև միջնորդավորված համագործակցության մեխանիզմի կարևոր դեր է կատարում:

«Անցած տարի մեր լավագույն մասնագետները GIZ-ի ջանքերով նախապատրաստվեցին Գերմանիայում, և արդեն 4-5 հաստատությւոններում որոշ մասնագիտությունների գծով կներդնենք դուալ համակարգը: Ծրագրի ամենակարևոր գործառույթը սոցիալական գործընկերության խթանմանն ուղղված գործունեությունն է` կրթություն-գործատու կապի ամրապնդումը: Տարիներ շարունակ մենք ասում ենք` գործատուն չի թեքվում դեպի կրթության ոլորտը, իսկ գործատուն էլ բողոքում է, թե համապատասխան կադրեր չեք պատրաստում, և մենք GIZ-ի հետ կփորձենք մեխանիզմներ մշակել, որպեսզի այդ կապն ամրապնդվի», -ընդգծեց ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը` հավելելով, որ կփորձեն աշխատաշուկայի պահանջները բավարարել` որակյալ մասնագետներ պատրաստելով:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia