Search

Հայաստանը ժողովրդավարության կառուցման ճիշտ ուղու վրա է. EuFoA



Հայաստանում կայացած ընտրությունները նշանավորում են առաջընթաց, թեեւ կա նաեւ զարգացման տեղ: Այս մասին նշվել է ապրիլի 25-ին Բրյուսելում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության նախաձեռնությամբ կայացած քննարկման ժամանակ, որը նվիրված էր ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ դրանց նշանակությանը՝ Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության համատեքստում:

Ճեպազրույցի խոսնակն էր Եվրոպական Խորհրդարանի անդամ, խորհրդարանական ընտրություններում ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Հաուտալան: Ճեպազրույցը համակարգվում էր EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոյի կողմից: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 30 հյուրեր՝ դիվանագետներ, ԵՄ կառույցների, միջազգային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ տարբեր հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ:

Դիոգո Պինտոն իր երախտագիտությունը հայտնեց ճեպազրույցի խոսնակին եւ հյուրերին, հիշեցնելով, որ այս տարվա ապրիլին կայացած ընտրություններն առաջինն էին 2015 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո, որի արդյունքում անցում է կատարվել կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգին եւ մեծամասնական ընտրակարգից՝ համամասնականին: Ընդ որում, ընտրությունները տեղի ունեցան Հայաստանի ու Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերային համաձայնագրի նախաստորագրումից մոտ երկու շաբաթ անց:

Հեյդի Հաուտալան նշեց, որ ընտրություններն ընթացել են բացառապես կառուցողական եւ ընդգրկուն ընթացակարգով, ինչը նոր Ընտրական օրենսգրքի արդյունք է: Խոսնակը հիշեցրել է, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ընտրությունների հաջող անցկացման գործում, մասնավորապես, ընտրողների նույնականացման սարքերի եւ տեսախցիկների ներդրմամբ, ինչն օգնել է կանխել բազմակի քվեարկության եւ կեղծիքի դեպքերը՝ մեծացնելով գործընթացի թափանցիկության մակարդակը: Հաուտալան հավելեց, որ թեեւ ընտրությունները վարչական տեսանկյունից լավ էին կազմակերպված եւ քաղաքացիների հիմնարար ազատությունները հարգվում էին, այդուհանդերձ, դիտորդները հավաստի տեղեկություններ են ստացել կաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ:

Ճեպազրույցին հաջորդած քննարկման ժամանակ գովեստի խոսքեր հնչեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ տեղական ընտրական հանձնաժողովների հասցեին՝ պրոֆեսիոնալիզմի եւ իրենց աշխատանքը թափանցիկորեն կազմակերպելու համար, ինչպես նաեւ Հանրային Հ1 հեռուստաալիքի հասցեին, որը հավասար հեռուստաժամանակ է տրամադրել բոլոր մրցակիցներին: Միեւնույն ժամանակ, մտահոգիչ են համարվում մամուլի ազատության հարցը եւ ձայների գնման փորձերի հետեւանքներն ու ազդեցությունը:

Եզրակացության մեջ նշվեց, որ չնայած որոշ բացթողումներին եւ դրանց հետագա հետաքննման անհրաժեշտությանը, որը կօգնի վերացնել եւ բացառել նման դեպքերը հետագայում, այդուհանդերձ, այս ընտրությունները եկան փաստելու, որ Հայաստանը ժողովրդավարության կառուցման ճիշտ ուղու վրա է, քանի որ թե՛ իշխանությունը եւ թե՛ ընդդիմությունը կարող են սովորել իրենց սխալներից եւ ընդունել քննադատությունը:

Ճեպազրույցից հետո Դիոգո Պինտոն ասաց. «Սա հաջողված միջոցառում էր, եւ ես ուրախ եմ տեսնելու, թե որքան շատ մարդ էր հետաքրքրված դրանով: Մենք հաջողություն ենք մաղթում Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներին եւ ապագա կառավարության անդամներին ու անհամբեր սպասում ենք ԵՄ-ի հետ նորացված համագործակցությանը: ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերային համաձայնագրի ստորագրումը, որը, հուսով ենք, շուտով տեղի կունենա, նոր լիցք կհաղորդի այդ գործընթացին»:


Մեկ օրում բացահայտվել է 84 հանցագործություն. ավազակային հարձակում, անձի առևանգում, ծեծ

Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա. Կարին Տոնոյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Ադրբեջանցիները կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ

Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png