Search

ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում ՉԺՀ դեսպանի հետ



ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանին եւ բարեկամական խմբի անդամներին ապրիլի 18-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, ով ԱԺ հինգերորդ գումարման լիազորությունների ավարտի կապակցությամբ կազմակերպել էր հրաժեշտի ընթրիք:

Պարոն Թիան Էրլունը ջերմորեն ողջունել եւ իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի բոլոր անդամներին՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունը կընդլայնվեն եւ կամրապնդվեն:

Դեսպան Թիան Էրլունն իր խոսքում նշել է, որ ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի բոլոր անդամները Չինաստանի բարեկամներն են՝ անկախ հաջորդ խորհրդարանում կամ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի կազմում ընդգրկվելու փաստից: Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ գործող խորհրդարանում ձեւավորված Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի եւ Հայաստանում ՉԺՀ դեսպանության միջեւ համագործակցությունը եւ երկու երկրների փոխհարաբերություններն անցած տարիների ընթացքում արդյունավետ զարգացել են՝ անցնելով համատեղ ձեռքբերումներով հարուստ ճանապարհ:

Մասնավորապես կրթության, մշակույթի, տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում արդեն իսկ կան լուրջ ձեռքբերումներ եւ համագործակցության հեռանկարներ:

Երկուստեք հույս է հայտնվել, որ Հայաստանի եւ Չինաստանի խորհրդարանների միջեւ համագործակցությունը կայուն վերելք կապրի նաեւ հաջորդ գումարման խորհրդարանի օրոք:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia