Search

Առաջարկություններ կներկայացվեն բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքներին և երիտասարդ ընտանի



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքներին և երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելուն վարչապետը նշել է. «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի կողմից իրականացվել էին ուսումնասիրություններ անավարտ շենք-շինությունների վերաբերյալ և ներկայացվել էին դրանք ավարտին հասցնելու լուծումներ: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ: Առկա են հիմնավոր բողոքներ նաև մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»: Հաշվի առնելով ՀՀ կառավարության քաղաքականությունը երիտասարդ ընտանիքների և բազմազավակ ընտանիքների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու վերաբերյալ՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել արդեն իսկ ուսումնասիրված և մարզերում տեղակայված անավարտ շինությունների ավարտին հասցնելու հստակ իրատեսական ժամանակացույց և այդ շենքերում բազմազավակ ընտանիքներին բնակարան ձեռք բերելուն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ առաջարկություն։ ՀՀ մարզպետերին գործադիրի ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների վերաբերյալ տվյալներ: ՀՀ ֆինանսների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին վարչապետը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում, համատեղ քննարկելով և գնահատելով ռիսկերը, ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել կարծիք՝ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետության կողմից բնակարանների ձեռք բերման հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմները, ՀՀ մարզերում հաշվառված և փաստացի բնակվող երիտասարդ ընտանիքներին մարզերում բնակարանների ձեռք բերման հնարավորության վերաբերյալ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia