Ղազախստանի հավաքականի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքից քիչ անց արտակարգ վայրէջք է կատարել: Այդ մասին թվիթերյան էջում հայտնել է Ղազախստանի հավաքականի մամուլի քարտուղար Էրբոլ Կաիրովը:
«Ղազախստանի հավաքականի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Երեւանում, որտեղից մեկնում էր: Պատճառն անվադողերի հետ կապված խնդիրն էր»,- գրել է Էրբոլ Կաիրովը:
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի օդանավի՝ «Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջքի հետ կապված տեղեկատվության վերաբերյալ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ANEWS.am-ին տեղեկացնում են, որ հավաքականի հետադարձ թռիչքը նախատեսվում էր մարտի 27-ին՝ ժամը 00:30-ին, սակայն այն իրականացվել է ժամը 1:13-ին՝ ռուսական Severstal ավիաընկերության կողմից: Թռիչքի ընթացքում պարզվել է, որ օդանավն ունի շասիի անսարքություն, այդ իսկ պատճառով, անվտանգությունից ելնելով և հետագա խնդիրներից խուսափելու նպատակով, օդանավը հետ է վերադարձել և ժամը 2:46-ին վայրէջք է կատարել «Զվարթնոցե օդանավակայանում: Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի հետադարձ չվերթը նախատեսվում է այսօր՝ ժամը 16:00-ին:




Comments