Search

Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է



Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ը նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Այս տարվա կարգախոսն է. «Միասին վերացնենք տուբերկուլոզը»: Իրականացվող միջոցառումների նպատակն է համախմբված և արդյունավետ դարձնել տուբերկուլոզի դեմ պայքարը: Օրվա ընտրությունը պայմանավորված է 1882թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի՝ տուբերկուլյոզի հարուցիչը հայտնաբերելու մասին հայտարարությամբ:

Այսօր տուբերկուլյոզը բավական ուսումնասիրված հիվանդություն է: Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով, սակայն դրա զարգացման համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ: Տուբերկուլյոզով կարող է վարակվել ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից և սոցիալական վիճակից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք: Նախորդ 10 տարվա ընթացքում Հայաստանում հիվանդացության ցուցանիշը նվազել է շուրջ երկու, իսկ մահացությանը` երեք անգամ։

Տուբերկուլոզի ախտանշաններն են՝ •հազ` խորխարտադրությամբ, որը տևում է երկու շաբաթ և ավելի •արյան առկայություն խորխում/արնախխում •գիշերային քրտնարտադրություն •երկարատև, ոչ բարձր ջերմություն (37-37,5°C) •հևոց •ցավ կրծքավանդակում •քաշի կորուստ, ախորժակի բացակայություն •ընդհանուր թուլություն

Այս ախտանիշներից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի: Տուբերկուլոզի կասկածի դեպքում առաջնային օղակի բժիշկը կուղղորդի մասնագետի մոտ` կազմակերպելու անհրաժեշտ հետազոտությունները: Հիվանդության ախտորոշման դեպքում կկազմակերպվի համապատասխան բուժում։

Տուբերկուլոզը լիովին բուժելի է, եթե ժամանակին հիվանդը ախտորոշվի և խստորեն հետևի մասնագետի խորհուրդներին:

Բուժման սխեմայի խախտումը կարող է հանգեցնել բազմադեղակայուն տուբերկուլոզի, որն ավելի երկարատև բուժում է պահանջում:

Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է, անգամ այն անձանց համար, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն, սակայն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia