Search

Աբու Դաբիում արաբ ներդրողներին է ներկայացվում Հայաստանի ներդրումային գրավչությունը



ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը և Աբու Դաբիի Առևտրի պալատը մարտի 22-ին Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպել են «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովը:

Համաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ Նախագահի` ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ: Այն նպատակ ունի խթանելու Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացումը, քննարկելու առևտրային հոսքերի առաջիկա տեսլականը և ներդրումային նախագծեր ներկայացնելու արաբ գործարարներին: Աբու Դաբիում համաժողովը մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: «Հայաստան-ԱՄԷ 2017»-ը համախմբել է շուրջ 300 մասնակցի, այդ թվում՝ պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, վերազգային ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի օրակարգում ընդգրկված են շնորհանդեսներ գյուղատնտեսության և անասնաբուծության, էներգետիկայի, առողջապահության և դեղագործության, ՏՏ, զբոսաշրջության, անշարժ գույքի ոլորտների, Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների պատմությունների մասին, ներդրումային մի շարք նախագծեր։ Շնորհանդես է պատրաստել նաև Հայ-էմիրաթական գործարար ասոցիացիան։

Հայաստանում և ԱՄԷ-ում գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների մասին քննարկման շեշտը Մերձավոր Արևելք, ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ Հայաստանի միջոցով արտոնյալ մուտքի հնարավորության վրա է։ «Հայաստանի կառավարությունը որդեգրել է արագացված բարեփոխումների ծրագիրը՝ ուղղված օտարերկրյա ուղղակի ներդրումների համար բարենպաստ միջավայր ձևավորելուն։ Թափանցիկ, արդյունավետ ու կայուն գործարար միջավայր, իրավական-նորմատիվային հիմք, դյուրացված ռեժիմներ ստեղծելու ջանքերը ՀՀ կառավարության օրակարգի առանցքում են։ ԱՄԷ-ն ու արաբական մյուս երկրները Հայաստանում կգտնեն բարձր որակավորում ունեցող և ոչ թանկ մարդկային կապիտալ, ազատական և բաց տնտեսություն, ինչպես նաև Հայաստանի միջոցով տարածաշրջանային խոշոր շուկաներ մուտքի հնարավորություն», — նշված է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանի ելույթում։

Համաժողովի շրջանակում նախատեսված են նաև գործարար հանդիպումներ (B2B) պոտենցիալ ներդրողների և գործարարների միջև՝ ուղղված Հայաստանի և արաբական երկրների հետագա առևտրային համագործակցության զարգացմանը։

100 միլիոն դոլարի ներդրումների մասին հուշագիր է ստորագրվել

Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ԱՄԷ «Ocean Holding» ՍՊԸ միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Համագործակցությունը նպատակ ունի զարգացնելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ենթակառուցվածքները և «Ocean Holding» ընկերությանը մեր երկրում արևային էներգիայի նախագծերում ներդրումների հնարավորություն տալու։

«Ocean Holding»-ը նպատակ ունի այս տարվանից սկսած, Հայաստանում ներդնելու 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ ֆոտովոլտային կայաններ կառուցելու և դրանք գործարկելու՝ օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։ Նախարարությունը կդյուրացնի «Ocean Holding»-ի գործունեությունը Հայաստանում։ Ներդրումները տեղի կունենան մի քանի փուլով։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia