Search

Ընտրական օրենսգրքում«ռեյտինգային ցուցակ» կամ «վարկանշային ցուցակ» եզրույթ չկա. Աստղիկ Ավետիսյան


Նոր ընտրական օրենսգիրքն ու Սահմանադրությունը բոլորովին նոր խաղի կանոններ են ներմուծել հայաստանյան քաղաքական իրականություն, որոնք մեծապես ազդել են ոչ միայն քաղաքական ուժերի վերադասավորումների և փոխակերպումների, այլ նաև նրանց գործելաոճի և նախընտրական քարոզարշավի վրա: Հանրային կապերի մասնագետ, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանի խոսքերով` այս պայմաններում, հատկապես, քաղաքական ուժային կենտրոնները հայտնվում են հանրային կապերի (PR) նոր տեխնոլոգիաներ և շատ ավելի հարուստ գործիքակազմ կիրառելու հրամայականի առջև:

«Խորհրդարանական ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժեր լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել, բայց վերջիններիս կողքին կան նաև այնպիսիները, որոնք ամբողջովին դուրս են նման գործընթացներից և անտեսում են քաղաքական PR-ի կարևորությունը»,-ասաց Աստղիկ Ավետիսյանը: Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դժվար է շատ համակիրներ ունենալ և հաջողություն գրանցել ընտրություններում` առանց հասարակության հետ գրագետ հաղորդակցման:

Նախկին ՕԵԿ-ը, ռեբրենդինգի ենթարկվելով, վերածվեց «Հայկական վերածնունդ» կուսակցության, Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական դաշտ բերեց հաղորդակցական մշակույթին լավ տիրապետող և երիտասարդ գործիչների, իսկ փոքր և նոր ձևավորված քաղաքական միավորները համախբվեցին և ձևավորվեցին դաշինքներ: Ըստ Աստղիկ Ավետիսյանի` նման գործընթացները բոլորովին նոր նկարագիր են տալիս այս քարոզարշավին` անկախ Հայաստանի նախորդ բոլոր ընտրական գործընթացների շարքում:

Ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության ուշադրությունն ակտիվացնելն ու վստահության վերականգնումը, այս քարոզարշավի հիմնական խնդիրներից են, կարծում է Աստղիկ Ավետիսյանը: Նրա դիտարկմամբ, իրականության հետ աղերսներ չունեն տարաբնույթ սոցիոլոգիական կազմակերպությունների հրապարակած տվյալներն այն մասին, որ գալիք խորհրդարանական ընտրություններին ակնկալվում է ընտրողների ընդհուպ մինչև 70 տոկոս մասնակցություն: Աստղիկ Ավետիսյանը մտավախություն ունի, որ հասարակությունը քաղաքական գործընթացների նկատմամբ վստահությունը կորցրել է և անտարբերություն է ցուցաբերում քարոզարշավի նկատմամբ: Ըստ հանրային կապերի մասնագետի՝ ընտրական մրցավազքի դուրս եկած ուժերը պետք է հորդորեն քաղաքացիներին մասնակցել ընտրություններին:

Խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու հենց տարածքային ընտրացուցակներով, որտեղ ընդգրկված անհատների նկատմամբ գոյություն ունեցող համակրանքի և վստահության չափից է կախված լինելու նաև տվյալ կուսակցության հաջողությունը, կարծում է Աստղիկ Ավետիսյանը:

«Քաղաքական կարգախոսները չպետք է լինեն բառերի կույտ, և պետք է ամփոփեն տվյալ կուսակցության նախընտրական ողջ ծրագիրը, քանի որ ընտրողները նախընտրական երկարաշունչ ծրագրերը որպես կանոն չեն մտապահում, ուստի քաղաքական կարգախոսները պետք է լինեն ազդեցիկ, որպեսզի ընտրողները դրանց հետ ասոցացնեն նաև կուսակցությունն ու իր ծրագիրը», ասաց Աստղիկ Ավետիսյանը:

Ընտրական գործընթացները մեր երկրում ավելի քաղաքակիրթ դարձնելու գործում PR մասնագետը կարևորեց նաև լրագրողների դերը: Նա կարծում է, որ այսօր ընտրությունները գրագետ լուսաբանելու խնդիր կա: Իսկ ամենաակնառու սխալը, որը նկատել է Աստղիկ Ավետիսյանը, այս օրերին բազմաթիվ ԶԼՄ-ների կողմից լայն կիրառվող «ռեյտինգային ցուցակ» կամ «վարկանշային ցուցակ» սխալ ձևակերպումներն են: «Ընտրական օրենսգրքում նման ձևակերպումներ չկան, կան միայն «տարածքային» և «համապետական» ցուցակ եզրույթները, սա այն բանի վառ վկայությունն է, որ քարոզարշավ և ընտրություններ լուսաբանող շատ լրագրողներ գոնե չեն թերթել ընտրական օրենսգիրքը»:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia