Search

Ընտրական իրավունք. սեմինար-քննարկում



Մարտի 4-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Դիտորդական առաքելությունը և դրա իրականացման կարգը ըստ ՀՀ նոր ընտրական օրենսրքի» խորագրով սեմինար-քննարկում: Քննարկումը կազմակերպել էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղը: Սեմինարին մասնակցում էին ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի տնօրեն, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանը, ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ տնօրեն Դմիտրի Գլադեյը, փորձագետ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Կարցովը, ՀՀ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավագիտության թեկնածու Հասմիկ Ենգոյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ, իրավագիտության թեկնածու Լիլիա Հակոբյանը, փորձագետներ, ուսանողներ և այլոք:

Բացման խոսքով հանդես եկավ ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի տնօրեն, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանը նշելով, որ ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղը շուրջ հինգ տարի է, որ գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում նպաստելով ժողովրդավարության, պառլամենտարիզմի և ընտրական իրավունքի զարգացմանը: 2016 թվականին ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ հայաստանյան խոշոր բուհերում իրականացրել է «ՀՀ երիտասարդ ընտրող» կրթական ծրագիրը, որի շրջանակներում ներկայացվել են ՀՀ նոր ընտրական օրենսգրքով նախատեսված նորամուծությունները և քվեարկության նոր կարգը: Հայերեն և ռուսերեն լեզուներով տպագրվել է «ՀՀ երիտասարդ ընտրող» վերտառությամբ ձեռնարկը, որը օգտակար կլինի ՀՀ կուսակցությունների, ընտրողների, միջազգային և տեղական դիտորդների, ընտրական հանձնաժողովների անդամների, ընտրական գործընթացի այլ մասնակիցների, ինչպես նաև ընտրական իրավունքի հիմնախնդիրներով հետաքրքրվող բոլոր անձանց համար:

Սեմինարի ընթացքում բանախոսներն անդրադարձան այնպիսի հարցերի, ինչպիսիք են, թե ովքեր են հանդիսանում դիտորդները, երկարաժամկետ և կարճաժամկետ, միջազգային և ազգային դիտորդների տարբերությունը, դիտորդների իրավունքներն ու պարտականությունները, Զանգվածային լրատվամիջոցների դերն ընտրական գործընթացում և այլն:

Սեմինարի նպատակն էր բացահայտել դիտորդական առաքելության էությունը և խնդիրները, իրավական կարգավիճակը և գործունեության երաշխիքները, ընտրական վարչարարությանը դիտորդի մասնակցության առանձնահատկությունները և միջազգային դիտորդական առաքելության փորձի հետ կապված խնդիրները:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia