Ռուզաննա Հակոբյանը միաձայն ընտրվեց ԳՊՀ ռեկտոր
Այսօր ԳՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարեց խորհրդի նախագահ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նիստի օրակարգում ներառված էր «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը:
Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Անահիտ Մարգարյանը զեկուցեց, որ ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետում ԳՊՀ գիտական խորհրդի կողմից առաջադրվել է համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը:
Տիկին Հակոբյանը ներկայացրեց բուհի զարգացման ծրագիրը՝ «ԳՊՀ-ն՝ կրթական նոր գաղափարախոսության կրող» կարգախոսով: Գաղափարախոսության առանցքում նորարարական, նպատակային, արդյունքահեն և շարունակական կրթության ապահովման հրամայականն է:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Աշոտ Խաչատրյանը հայտարարեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, որի համաձայն՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանը միաձայն ընտրվեց ԳՊՀ ռեկտոր:
ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները, շնորհավորելով նորընտիր ռեկտորին, մաղթեցին հաջողություններ և արգասաբեր աշխատանք:
Տիկին Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդի անդամներին և նշեց, որ հարազատ բուհի ռեկտոր վերընտրվելը ևս մեկ անգամ պարտավորեցնում է իրականացնել զարգացման համալիր ծրագրեր:
ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ԳՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդ Մուշեղի Ղազարյանին շնորհեց ԳՊՀ պատվավոր դոկտորի կոչում` Գավառի պետական համալսարանի հետ երկարատև և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության զարգացման ոլորտում ունեցած անգնահատելի վաստակի համար: