Search

«Առավոտ». Ամեն ժամանակ իր քաղաքական ռադիկալներն ունի. հիմա հերթը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքինն



«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ցանկացած ժամանակահատված իր քաղաքական ռադիկալներն ունի: Արմատականության ամենացայտուն դրսեւորումը ոչ այնքան վերաբերմունքն է իշխանության հանդեպ, որքան շուրջբոլորը «թաքնված թշնամիներին» եւ «իշխանության գործակալներին» փնտրելը. «Մենք անկեղծ ենք, պայքարող ենք, բոլոր մնացածը ծախված են, միայն մեզնից է ռեժիմը վախենում, խուճապի մեջ ընկնում, դրա համար էլ Պողոսը մեր մասին այս ասաց, իսկ Պետրոսը՝ այն գրեց»:

Ժամանակին այդ դերն ԱԺՄ-ն էր ստանձնել: 1994 թվականի ամռանը Պետական հեռուստատեսությամբ ինձ տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը բավականին երկար եւ ջղայն խոսում էր «գրպանային ընդդիմության» մասին, սակայն ի պատասախան իմ հարցերի, այդպես էլ չբացահայտեց, թե հատկապես որ կուսակցությունները նկատի ունի: Հետո դա Գեղամյանի կուսակցությանն էր, որն ընդդիմադիր էր Քոչարյանին, բայց ավելի շատ՝ «նախորդ հանցավոր ռեժիմին», Տեր-Պետորսյանին եւ ՀՀՇ-ին, որի «ականջները» կուսակցություն լիդերը պարբերաբար տեսնում էր իր աշխատությունների հատորները գրելու ընթացքում հազվադեպ ընդմիջումների պահին: Ապա եկավ ՀԱԿ-ի հերթը՝ 2-3 տարի ՀԱԿ-ի իմ բարեկամները «թաքնված սերժականներ» էին փնտրում, եւ այդ մեղքի մեջ կասկածում էին բոլոր նրանց, ովքեր դույզն ինչ կասկածում էին իրենց բոլոր՝ հաճախ հակասական քայլերի հաճարեղ լինելու մեջ:

Հիմա հերթը կարծես թե ՕՐՕ-ինն է՝ «բոլորը մեր դեմ են, այդ թվում, այսպես կոչված, ընդդիմադիրները, որովհետեւ իշխանությունները մեր տեսքից լեղապատառ են լինում, որովհետեւ մենք ահեղ ենք, զորեղ ենք» եւ այլն:

Բոլոր թվարկած դեպքերում էլ դա միայն քարոզչություն չէ, դա նաեւ վստահություն է, որ ողջ քաղաքական պրոցեսը պտտվում է քո շուրջ, եւ բոլորը զբաղված են բացառապես քեզանով:

Երկու տասնամյակից ավելի լուսաբանելով այս ամենը, ես, ինչպես ասում են, մի պարզ ճշմարտության հանգեցի`ամեն ինչ անցողիկ է: Իհարկե, պետք չէ ամենուր թշնամիներ փնտրել, բայց, մյուս կողմից, պետք էլ չէ շատ նեղվել, եթե քո եղբայրն է քո մեջ թշնամի փնտրում: Այսօր կփնտրի, վաղը կդադարի:

Այդ ամենը կարեւոր չէ հատկապես հիմա: Միեւնույն է, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը, որքան էլ ցավալի է, նոր մարտական գործողություններ կսկսվեն, եւ այդ բոլոր մանկական խարդավանքները մանր եւ անհետաքրքիր կթվան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia