Search

Տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի նկատմամբ, 6.5%-ով աճել է. «168 ժա



«168 ժամ» թերթը գրում է. «2017 թվականը վատ չի սկսվում, եթե հիմնվենք պաշտոնական վիճակագրության տվյալների վրա։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են, որ տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի նկատմամբ, 6.5%-ով աճել է։

Ճիշտ է, մեկ ամսվա կտրվածքով դատողություններ անելն այնքան էլ ճիշտ չէ, սակայն 6.5%-ը վատ ցուցանիշ չէ՝ մանավանդ, եթե նկատի ունենանք, որ հունվարը բավականին ցուրտ ամիս էր, իսկ ցուրտն ազդում է տնտեսական ակտիվության վրա։ Սրան էլ ավելացնենք այն, որ 2016 թվականի հունվարին համեմատության բազան բավականին բարձր էր՝ տնտեսական ակտիվության աճը 4.3% էր։

Արդյո՞ք սա թույլ է տալիս հուսալ, որ 2016 թվականին կհաջողվի ապահովել բյուջեով նախատեսված 3.2% տնտեսական աճը։ Հենց նախորդ տարվա օրինակը վկայում է, որ ոչ։ Նախորդ տարվա լավ մեկնարկից հետո տարին փակվեց ընդամենը կես տոկոսանոց աճով։ Այս ամենին գումարենք, որ առաջիկա ամիսներին ունենք 2 ընտրություն՝ Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունները։ Իսկ ընտրական պրոցեսները որոշակի սպասողական տրամադրություններ ու անորոշություն են առաջ բերում եւ բացասաբար ազդում տնտեսական ակտիվության վրա։

Բացի այդ, կառավարությունը 2017 թվականի համար որդեգրել է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն. պետական ծախսումները զգալիորեն կրճատվելու են, ինչը բացասական ազդեցություն է թողնելու տնտեսական աճի վրա։ Արտաքին աշխարհից եկող բացասական ազդակներն էլ թուլանալու միտում դեռ չունեն։ Աճ ապահովելու միակ ռեսուրսը մնում են կառավարության խոստացած մի քանի հարյուր մլն դոլարի օտարերկրյա ներդրումները։ Սակայն այս պահին ներդրումներն առայժմ խոստումների մակարդակի վրա են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia