Search

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամին հատկացվող ֆինանսական միջոցների ծ



Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է հիմնադրամի 2016 թ. գործունեությունը: ՀԶՀ գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանը ներկայացրել է 2016 թ. գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: Զեկուցվել է արտահանման խթանման, զբոսաշրջության զարգացման և գործարար միջավայրի աջակցության ուղղությամբ իրականացված աշխատանքների ու միջոցառումների մասին: Վարչապետը հետաքրքրվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի 2016 թ. ծրագրերի արդյունավետության, ծախսեր-արդյունքներ հարաբերակցության, հիմնավորվածության և արձանագրված ցուցանիշերի մասին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական բյուջեից հիմնադրամին հատկացվող միջոցները պետք է ծախսվեն տրամաբանական և նպատակային՝ ծախսերի արդյունավետության մոնիթորինգի իրականացմամբ, իսկ միջոցներն ուղղվեն այն բիզնեսին, որն ստեղծում է մուլտիպլիկատիվ էֆեկտ: «Ծախսերը պետք է լինեն հիմնավորված, պետք է լինի հստակ ձևակերպված փիլիսոփայություն ու նպատակ, թե ինչ արդյունք եք ուզում ստանալ», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված հաշվետվությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հիմնադրամի ղեկավարությանը, հաշվի առնելով խորհրդի անդամների դիտողությունները, հստակ ձևակերպել և խորհրդին ներկայացնել հայտանիշեր բոլոր ֆինանսական միջոցների օգտագործման ու ծախսման առումով: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրում պետք է ամրագրվեն կառավարության գերակա ուղղությունները, որոնք կարող են արդյունավետ լինել:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia