Search

«Առավոտ». «Հաց բերող» Արթուր Սարգսյանը ոչ լեգենդ է, ոչ էլ երիտասարդներին դաստիարակելու օրինակ



«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ամեն օր գրել նախընտրական վիճակի եւ դաշինքներ մտնել-դուրս գալու մասին` պարզապես անհնարին է: Եվս մեկուկես ամիս բացառապես այդ խարդավանքներով ուղեղը զբաղեցնելու համար պողպատյա առողջություն է պետք: Ուզում եմ այսօր այդ թեմայից շեղվել եւ ձեր ուշադրությունը դարձնել մեկ այլ, իմ կարծիքով, կարեւոր խնդրի վրա:

Ինչպես արդեն բազմիցս ասել եմ, չեմ կիսում հայ ժողովրդի համընդհանուր հիացմունքը «Սասնա ծռերի» գործողությունների հետ կապված: Ոստիկանական գնդի վրա զենքով հարձակվելը, մարդ սպանելը, պատանդ վերցնելը, իմ կարծիքով, չի արդարացվում ոչ մի վեհ նպատակներով եւ ոչ մի ազգափրկիչ հռետորաբանությամբ: Ավելին` գրավյալ գունդը շրջապատող ոստիկանների վրա հարձակվելը կամ ուժով այդ շղթան ճեղքելը նույնպես չի տեղավորվում պետական կարգի մասին իմ պատկերացումների մեջ: Այո, պատմությունն այդ ամենը կարող է արդարացնել եւ հերոսացնել, առասպել սարքել: Պատմությունն այդպիսի բան է. կարող են մարդու արձանը դնել, հետո քանդել, գերեզմանից դիակը հանել, վառել, հետո` նորից արձան դնել: Բայց ես ապրում եմ այսօր եւ այստեղ` թե 50 տարի հետո ինչ կլինի, չեմ կարող ասել:

«Հաց բերող» Արթուր Սարգսյանն էլ ինձ համար ոչ լեգենդ է, ոչ էլ երիտասարդներին դաստիարակելու օրինակ: Այդքանով հանդերձ` նրան կրկին երկու ամսով կալանավորելը նույնպես չի տեղավորվում իրավական եւ բարոյական ոչ մի չափանիշների մեջ: Մեր իրավապահ համակարգում առայժմ «Սովետ» է` այդ համակարգի ներկայացուցիչներին թվում է, որ իրենց նպատակը ոչ թե հանցագործությունը կանխելն է, իսկ եթե չի հաջողվում կանխել` բացահայտելն է, այլ բացառապես պատժելն ու վրեժ լուծելը: Մարդուն պետք է կալանավորել այն դեպքում, եթե նա, ազատության մեջ մնալով, կարող է ազդել նախաքննության մարմնի վրա: Օրինակ՝ եթե որեւէ նախարարի կամ պատգամավորի երբեւէ ձերբակալեն, ապա իմաստ ունի, որ նա մնա ազատազրկման վայրում, քանի որ շատ հավանական է, որ իր «ախպերության» միջոցով փորձի ազատվել պատասխանատվությունից: Արթուր Սարգսյանը, բնականաբար, նման լծակներ չունի: Նախաքննությունը, հաշվի առնելով այդ հանգամանքը եւ Արթուրի առողջական լուրջ խնդիրները, նրան որոշել էր ազատ արձակել` փոխելով խափանման միջոցը քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

Բայց երեւի մտածում էին, որ նա, որպես շնորհակալություն, պիտի իր կարծիքը չարտահայտի, լռի: Անկախ նրանից, թե ով է համաձայն նրա արտահայտած կարծիքի հետ, ով` ոչ, նման մոտեցումը, իմ կարծիքով, անմարդկային է եւ անիրավ:

…Կարելի է համակրել այս կամ այն կուսակցությանը, կարելի է ամիսներով դեգերել տարբեր դաշինքների արանքում, կարելի է րոպեն մեկ մտնել եւ դուրս գալ իշխանության եւ ընդդիմության մեջ: Միակ բանը, որը չարժե անել, մարդկային նկարագիրը կորցնելն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia