Search

Առաջիկա 10 օրերին գարնան որեւէ շունչ մի սպասեք. Գագիկ Սուրենյան



Փետրվարի 9-ին Հանրապետություն ներթափանցած ցիկլոնի ուժը պահպանվելու է նաեւ առաջիկա 3 օրերին: Սրանով պայմանավորված Հայաստանի տարածքում մինչեւ փետրվարի 15-ը տեղումները որոշակի դադարներով կշարունակվեն: Այդ մասին armtimes.com-ին տեղեկացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Փետրվարի 16-ի ցերեկը տեղումների առումով դադար է, 16-ի երեկոյան ժամերին եւ գիշերը եւս մի փոքրիկ պրոցես կա, թույլ ձյուն կտեղա հանրապետությունում: Իսկ այնուհետեւ հյուսիս-արեւմուտքից անտիցիկլոն է ներթափանցելու դեպի մեր երկրի տարածք: 17-ի ցերեկվանից սկսած եղանակը կպարզի ու տեղումներն ամենուրեք կդադարեն: Արդեն ամսի 18-ին հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ կլինի»,- մանրամասնեց օդերեւութաբանը:

Հարցին, թե արդյո՞ք եղանակի պարզելու հետ մեկտեղ օդի ջերմաստիճանը կփոխվի, Սուրենյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ սպասվում է ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազում: «Օդի ջերմաստիճանը մինչեւ 17-ն անփոփոխ կմնա: Արարատյան դաշտում գիշերը կլինի -8-10, ցերեկը՝ -2-4, իսկ 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի: Եվ սրա պատճառը ոչ միայն եղանակի պարզեցումն է, այլեւ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցումը, անտիցիկլոնի առկայությունը»,- հավելեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետը:

- Պարոն Սուրենյան, կարո՞ղ եք ասել, թե օրինակ Երեւանում ամսի 17-ից հետո որքա՞ն կլինի ջերմաստիճանը:

- Երեւանի ցածրադիր հատվածներում 17-ի լույս 18-ի գիշերը նախնական կանխատեսումներով կլինի մինչեւ -18 աստիճան, բարձրադիր հատվածներում՝ -14-15:

- Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ Տրնդեզից հետո եղանակը դեռ չի տաքանա, ինչպես ժողովրդի մեջ ընդունված է համարել:

- ժողովուրդն ինչ ասում է, հակառակն է լինում: -18-ը բուն ձմեռային ջերմային ֆոն է, ի՞նչ տաքացման մասին է խոսքը: Գարնան մասին խոսք լինել չի կարող: Առաջիկա 10 օրերին գարնան որեւէ շունչ մի սպասեք:

- Դուք ձեր ֆեյսբուքյան էջում նշել էիք, որ Աշոցքում նախօրեին -34 աստիճան ջերմաստիճան է գրանցվել: Դա վերջին շրջանում գրանցված ամենանվազագո՞ւյն ջերմաստիճանն է:

- Այո, հունվարից հետո սա ամենացածրն է: Դեկտեմբերին էր եղել նման ցածր ջերմաստիճան: Ընդհանրապես, Աշոցքը շատ առանձնահատուկ կլիմայական պայմաններ ունի: Այդ ջերմաստիճանը չի տարածվում մյուս մարզերի վրա:

- Մյուս մարզերում վերջին շրջանում ամենացածրը որտե՞ղ է գրանցվել:

- Վարդենիսում նախօրեին -26 աստիճան է գրանցվել, Ապարանում՝ -22:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia