Search

Սիրո խենթ խոստովանություններ, աղի բլիթներ. հայ երիտասարդները նշում են Սուրբ Սարգսի տոնը


Տարվա ամենաջերմ և սիրառատ օրվան` սիրո և երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին անհամբեր սպասում են բոլոր երիտասարդներն ու սիրահարները: Այս օրվան առանձնահատուկ կերպով է պատրաստվում նաև Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), որն արդեն երրորդ տարին է` Արարատյան Հայրապետական թեմի հետ համագործակցությամբ, համախմբում է բազմաթիվ սիրահար զույգերի և երիտասարդների տոնին նվիրված ինքնատիպ միջոցառման շուրջ:

Այս տարի միջոցառումը տեղի ունեցավ Մ. Սարյանի տուն-թանգարանի ջերմ և լուսավոր սրահներից մեկում: Այն մեկնարկեց Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տ. Զենոն քահանա Բարսեղյանի աղոթքով, որից հետո տեր հայրը ներկայացրեց օրվա խորհուրդը և պատասխանեց երիտասարդների հարցերին: Ներկաներին ողջունեցին նաև Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն ու Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Ատոմ Մխիթարյանի խոսքերով` որպես երիտասարդներին համախմբող ամենամեծ կազմակերպություն, ԵԱԴ-ն մշտապես ակտիվ դերակատարություն է ունեցել նրանց` ազգային տոներին և Հայ առաքելական եկեղեցուն մոտեցնելու գործում: Միջոցառումը կոմիտասյան երգերի կատարմամբ գեղեցկացրեց Մուղդուսյան արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլը:

Ամփոփվեցին նաև միջոցառման շրջանակներում` Facebook-ում #LoveFYCA հաշթեգով հրապարակված սիրո խոստովանությունների մրցույթի արդյունքները: Հրայրը, ով Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) ամենաակտիվ կամավորներից է, այն համարձակներից էր, որ բարձրաձայնեց իր զգացմունքների մասին և միջոցառման մասնակիցների ներկայությամբ սեր խոստովանեց FYCA-ի մեկ այլ ակտիվ կամավոր Անիին: Անիի խոսքերով` իր համար սա անսպասելի, բայց միևնույն ժամանակ հաճելի անակնկալ էր:

Միջոցառմանը պարգևատրվեցին նաև տոնին ընդառաջ իրենց սիրո պատմությունները սոցիալական ցանցերում հրապարակած զույգերը: Նրանց թվում էին նաև ԵԱԴ-ում ձևավորված զույգերը: Սիրարփին և Արամը ԵԱԴ-ի այն զույգերից են, որի սիրո պատմությունը հյուսվել է կազմակերպության պատերից ներս: Այսօր նրանք կազմել են ջերմ ու ամուր ընտանիք և արդեն որդի ունեն:

Միջոցառման ընթացքում հնչեցին նաև հայ մեծանուն գրող Մարտիրոս Սարյանի սիրային նամակներն իր աննման տիկնոջը: Ռուզան Սարյանը ներկաներին պատմեց նաև Սարյանի մեծ սիրո պատմությունից հետաքրքիր և շատերին անհայտ դրվագներ:

Ամենավերջում ներկաներին բաժանվեցին երկար սպասված ավանդական աղի բլիթները, և երիտասարդները հաճելի տպավորություններով և գիշերը ապագա սիրեցյալին երազում տեսնելու ակնկալիքով շտապեցին տուն:

Նախաձեռնության կայացմանն աջակցեցին նաև «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ և Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը:


















Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png