Search

Ալիեւը ձեռնոց է նետում ՄԽ համանախագահող երկրներին. Շավարշ Քոչարյան



Ալիեւը ոտնահարում է միջազգային հանրության խաղաղասիրական ջանքերը եւ ձեռնոց նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե ապրիլյան ռազմական գործողությունները եւ շփման գծի երկայնքով լարվածության պաhպանումը Ադրբեջանի ներքին գործն է:

«Նախ, Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման եւ 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ: Միջազգային հանրությունը եւ միջնորդական առաքելության մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահող երկրները բազմիցս հանդես են եկել կոչերով անշեղորեն առաջնորդվել վերոնշյալ համաձայնագրերով, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:

Ակնհայտ է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հանդիսանում է վերոնշյալ համաձայնագրերով Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում, Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերի բացահայտ արհամարհում եւ ագրեսիա ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

Վերջին հայտարարությունով Ադրբեջանի ղեկավարությունը ոտնահարում է միջազգային հանրության խաղաղասիրական ջանքերը եւ ձեռնոց նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին:

Կամ Ադրբեջանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը համարելով իր ներքին գործը, ձեւացնում է, որ մասնակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցություններին, կամ մասնակցում է բանակցություններին՝ ձեւացնելով, որ դա իր ներքին գործն է: Երկու դեպքն էլ ուղղված են միջազգային հանրության միջնորդական ջանքերի տապալմանը:

Եթե Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով, չգիտակցելով այդ ամենը, դա չի ազատում նրան ապրիլյան ագրեսիայի ընթացքում իր կողմից իրականացված ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից»:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia