Search

Փետրվար ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը



Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-8 աստիճան C, որը 1 աստիճանով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է: Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է` մոտ 2 աստիճան C, 800-1000 մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց ձոր ցածրադիր մասեր)` -1…-2 աստիճան C, 1000-1500 մ բարձրության վրա (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)` -2 աստիճան C, 1500-2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)` -4…-6 աստիճան C: Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է Պաղակնում` -41 աստիճան C (1947թ.), և Աշոցքում` -40 աստիճան C (1946թ.): Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը –0.9 աստիճան C է, իսկ բացարձակ նվազագույնը` -26 աստիճան C դիտվել է 1928 թ-ին, -27 աստիճան C 1972 թ: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986 թվականներին: Մասնավորապես 1976թ.-ին հանրապետության տարբեր շրջաններում այն 6-8 աստիճանով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է -16… -18 C, այսինքն նորմայից ցածր ` 10-12 աստիճան C): Երևանում 1885-2010 թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -8: Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել: Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010 թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+6: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20 (1955 թ.), Կապանում` +26 (1955 թ.): Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41 մմ, որը տարեկան նորմայի 7%-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29 մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21 մմ, 1200-2000 մ բարձրությունների վրա 32-37 մմ, 2000-2500 մ բարձրությունների վրա` 40-50 մմ, ավելի բարձր` մինչև 80 մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30 մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997, 2006 թվականներին: Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7 սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում: Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40 սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150 սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է: Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974 թ. և 1993 թ. համապատասխանաբար 22 և 25 օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունն առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30 մ/վ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35 մ/վ, պոռթկումները` 40 մ/վ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12 օր:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia