Search

Մենք պետք է հաջողակ բիզնեսմեններ մեծացնենք. Կարեն Կարապետյան



Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցել է 2016 թ. գերակա խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նշվել է, որ իրականացվել են մի շարք միջոցառումներ պարենային անվտանգության բարելավման, տարբեր ճյուղերի զարգացման, վարելահողերի նպատակային օգտագործումը բարելավելու, գյուղացիական տնտեսություններին պետական սուբսիդավորմամբ պարարտանյութեր, դիզելային վառելանյութ և սերմեր, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ: Անդրադառնալով 2017 թ. անելիքներին՝ նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է վերանայել պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը՝հաշվի առնելով, որ բաց մրցույթ հայտարարելով ավելի ցածր գին է լինելու: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է ֆերմերների ուսուցման և կոոպերատիվների աջակցության ուղղությամբ կատարվող աշխատանքներից: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը զեկուցել է, որ հանրապետությունում կա 317 հազար գյուղացիական տնտեսություն, 52 գյուղատնտեսական կոոպերատիվ, որոնց հիմնական մասն արոտօգտագործողների կոոպերատիվներն են: Վարչապետը կարևորել է այս առնչությամբ անելիքների հստակ ձևակերպումը. «Պարզ ձևակերպեք՝ քանի ֆերմեր եք դուք ուզում, քանի ֆերմերային տնտեսություն եք ուզում, որ 2017 թվականին լինի: Վարակը դա է լինելու: Մենք պետք է հաջողակ բիզնեսմեններ մեծացնենք, բերենք-ցույց տանք, որ գյուղատնտեսության մեջ կարելի է փող աշխատել, կարելի է լավ ապրել»: Կառավարության ղեկավարը նշել է այն առաջնահերթությունները, որոնց պարագայում գյուղատնտեսության բնագավառը կզարգանա՝ ոլորտի թվայնացում և կապիտալիզացիա, սուբսիդավորման հասցեականություն, մեխանիզացիա և հաջողակ ֆերմերների դասի ձևավորում: «Սուբսիդավորումը պետք է արվի այն օղակին, այն կառույցին, որի մեջ տրամաբանություն կա: Որն ապագա չունի, պետք է չանենք: Այլ խնդիր է՝ ոնց կանգնենք իր կողքին: Ինքը մեղավոր չէ, որ գյուղատնտեսության պրոֆեսոր չէ: Ինձ պետք է, որ դուք դրա փիլիսոփայությունը ձևավորեք», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ հստակ թվայնացումից հետո պետք է իրականացնել մեխանիզացիա, հաշվարկել՝ որքան գումար է ծախսվում ձեռքով կամ թերի կատարվող աշխատանքների վրա և ելնելով դրանից՝ հաշվարկել այդ ծառայությունների շուկայի ծավալը, պահանջարկը, հետվերադարձելիությունը, անհրաժեշտ կապիտալ ներդրումները և բիզնեսի կազմակերպման ձևը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին նախարարության՝ 2017 թ. գերակա խնդիրները և միջոցառումներն իրականացնել այս տրամաբանության ներքո:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia