Search

«Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է նախապատրաստվել առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեղումներին



Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ, Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, հունվարի 25-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 28-ը ներառյալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այսօրվանից նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին:

«Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին: Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին էլ հանձնարարում եմ վերահսկել ինչպես նախապատրաստական աշխատանքների ընթացքը, այնպես էլ ձնամաքրման պատշաճ իրականացման կազմակերպումը: Ձնամաքրումն առավել օպերատիվ իրականացնելու և «Սանիթեք» ընկերությանն աջակցելու նպատակով այդ աշխատանքներում ներգրավեք նաև վարչական շրջանների համապատասխան ծառայությունների մեքենասարքավորումներն ու տվյալ ծառայությունների և համատիրությունների աշխատակիցներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև խստորեն վերահսկել, որ տնտեսվարող սուբյեկտները ևս պատշաճ իրականացնեն Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշման պահանջների համաձայն օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ շեշտել է ձյան տեղումների պայմաններում առավելագույնս արդյունավետ աշխատելու անհրաժեշտությունը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia