Search

Քոչարյանն ում հետ և երբ ցանկանում է՝ հանդիպում է Հայաստանում, ու գաղտնի ձևաչափերի կարիք չունի. Սողոմ



2rd.am. Երեկ մենք դիմեցինք ՀՀ 2րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` խնդրելով արձագանքել մամուլում վերջերս հայտնված այն տեղեկություններին, համաձայն որոնց` Ռոբերտ Քոչարյանն իբր բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Հետաքրքրվեցինք նաև, թե երբ կհրապարակվի նախագահ Քոչարյանի խոստացված հարցազրույցը ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Այսօր պրն. Սողոմոնյանից ստացանք հետևյալ պատասխանը: Ինչպես երևում է այս օրերի հրապարակումներից, մամուլի տարբեր միջոցներ ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել, թե որտեղ է բնակվում Ռոբերտ Քոչարյանը՝ ԱՄՆ-ում, Մոսկվայում, Փարիզում կամ մեկ այլ տեղ, և, թե ում հետ է միաժամանակ հանդիպում տարբեր քաղաքներում: Այս խնդիրը հաղթահարելու համար ես մեր գրասենյակում պատրաստ եմ ժամանակավոր տարածք տրամադրել առանձին թերթերի ներկայացուցիչներին՝ ստեղծագործական հանդիպում կազմակերպելու և նոր` իրապես սենսացիոն բնակավայրերի մասին հոդվածներ հորինելու համար: Առկա տարբերակները չափազանց պարզունակ են: Իսկ, եթե լուրջ` ապա Ռոբերտ Քոչարյանը շարունակում է բնակվել Երևանում և բնակավայրը փոխելու որևէ մտադրություն չունի: ԱՄՆ վերջին անգամ այցելել է 2014 թվականին, մի քանի օրով: Մեկ տողով ասեմ նաև այսպես կոչված «գաղտնի» հանդիպումների մասին, ավելի ճիշտ՝ կրկնեմ. երկրորդ նախագահը ում հետ և երբ ցանկանում է՝ հանդիպում է Հայաստանում, ու գաղտնի ձևաչափերի կարիք չունի: Ինչ վերաբերում է խոստացված հարցազրույցին, որում երկրորդ նախագահը պետք է հանրությանը ներկայացնի իր գնահատականները առկա իրավիճակի վերաբերյալ, ապա ասեմ, որ ուշացումը մի քանի պատճառ ունի. քաղաքական գործընթացների տրամաբանությունը որոշակիորեն խաթարված է, դեռևս չի ձևավորվել պայքարի պատրաստվող քաղաքական ուժերի վերջնական դասավորվածությունը, առայժմ անորոշ են մնում ապագա ընտրապայքարի բազմաթիվ կարևոր գործոններ: Այդպիսով, ներքաղաքական իրավիճակը վերլուծելու միակ ձևը բազմակի ենթադրություններ անելն է, ինչը նախագահ Քոչարյանի ոճը չէ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia