Search

Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 23-րդ խորհրդին



Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում մասնակցեց և ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 23-րդ խորհրդին, որին ներկա էին կազմակերպության անդամ 57 պետությունների և 11 գործընկեր երկրների բարձրաստիճան պատվիրակությունները։ Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. «Կցանկանայի շնորհակալություն հայտնել գործող նախագահին` Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և նրա թիմին` տարվա ընթացքում կազմակերպությունն առաջնորդելու, ինչպես նաև ջերմ ընդունելության համար: Մենք գնահատում ենք ԵԱՀԿ ղեկավարությունը ստանձնելուց ի վեր գերմանական նախագահության նվիրվածությունը երկխոսությանը և համագործակցությանը: Եվրոպական անվտանգության առկա մարտահրավերներին դիմագրավելու համար առավել քան կարևոր է երկխոսությանը նոր ոգի հաղորդելը: Հակամարտությունները կանխարգելելու և վստահություն կառուցելու իր պատմական հանձնառությամբ ԵԱՀԿ-ն պետք է հիմնական հարթակ հանդիսանա անվտանգության տարբեր մոտեցումները և ընկալումները հաշտեցնելու համար: Ի վերջո այս կազմակերպության գոյության իմաստն է՝ թույլ չտալ Եվրոպայում նոր պատերազմ: Այդ նպատակով էր, որ գործող նախագահը առաջատար դեր ստանձնեց՝ խրախուսելու երկխոսությունը սպառազինությունների վերահսկման ապագայի շուրջ: Հայաստանը մշտապես անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ բարելավված համաձայնությունների ջատագով է եղել, որոնք միտված են ԵԱՀԿ տարածաշրջանում թափանցիկության և կանխատեսելիության ավելացմանը և հիմնված են զսպման և ռիսկերի նվազեցման սկզբունքների վրա: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` ներգրավվելու սպառազինությունների վերահսկման ապագայի շուրջ՝ այդ սկզբունքների վրա հիմնված բանակցություններում: Սպառազինությունների վերահսկման ռեժիմների հիմնական նպատակը ուժի կիրառման բացառումն է: Ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում մարտահրավեր է ԵԱՀԿ տարածաշրջանի անբաժանելի անվտանգությանը, քանի որ այն կարող է խարխլել ընդհանուր հանձնառությունների և հիմնարար արժեքների հիմքը: Ուժի կիրառումը կարող է լուրջ վնաս հասցնել խաղաղ կարգավորման գործընթացներին: Բոլոր նրանք, ովքեր ուժի կիրառումը դիտարկում են որպես միակողմանի առավելությունների հասնելու հնարավորություն, պետք է խստորեն զգուշացվեն, որ դա զրոյական արդյունքով խաղ է, որը կարող է կործանել այն ամենն, ինչ ձեռք է բերվել երկար տարիների բանակցությունների միջոցով՝ լրջորեն վնասելով կողմերի միջև կամուրջներ կառուցելուն ուղղված հետագա ջանքերը:

Պարոն նախագահ, Ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ հարձակումը հակամարտության ամենավտանգավոր սրացումն էր 1994թ.-ից ի վեր, երբ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագիրը: Ադրբեջանի ագրեսիան զուգորդվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, ինչն ակնհայտ փորձ էր` ահաբեկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Երբ ԵԱՀԿ մասնակից պետությունները խստորեն դատապարտում էին ԴԱԻՇ-ի կողմից իրականացվող վայրագությունները, նրանցից շատերը նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ նմանատիպ զազրելի հանցագործություններ կարող են կատարվել ԵԱՀԿ տարածաշրջանում, ԵԱՀԿ մասնակից երկրի կողմից: Այս վայրագությունների, ներառյալ` գլխատումների կադրերը փառաբանվեցին ադրբեջանական լրատվական միջոցներով: Ոճրագործները հրապարակավ պարգևատրվեցին իշխանությունների կողմից: Այս անմարդկային դաժանությունները հիշողության մեջ արթնացրեցին անցյալի սարսափները: Այս տարի լրանում է Լեռնային Ղարաբաղի և դրա հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակչության բռնի տեղահանման 25-րդ տարելիցը: Դրան նախորդել էին հայերի բռնի տեղահանումներն ու ջարդերը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, ապա նաև Լեռնային Ղարաբաղի Շահումյանի և Մարտակերտի շրջաններում: Ապրիլին խաղաղ բնակչության դեմ իրագործված վայրագությունները ակնհայտորեն ցույց տվեցին, որ Ադրբեջանի մոտեցումներում ոչինչ չի փոխվել: Հերթական անգամ վերահաստատվեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումն արդարացի էր ինչպես անցյալում, այնպես էլ՝ ներկայումս: Ապրիլի քառօրյա ռազմական գործողությունները Բաքվի կողմից որդեգրած երկարամյա քաղաքականության գագաթնակետն էին: Բազում գործոններ պարզ ցուցադրում են, որ Ադրբեջանը վաղուց էր ընտրել ռազմական գործողությունների ճանապարհը, և մենք շարունակաբար բարձրաձայնել ենք դրա մասին, այդ թվում՝ Նախարարական խորհրդի մակարդակով: Առաջին. բնակչությանը խաղաղության նախապատրաստելու փոխարեն, ինչի վերաբերյալ կոչերով հանդես են եկել Մինսկի խմբի համանախագահները, Բաքուն տարիներ ի վեր սաստկացրել է հակահայկական քարոզչությունը: Ադրբեջանցի հայտնի գրողի գրքերը կրակի մատնվեցին Բաքվի փողոցներում միայն այն պատճառով, որ նա ճշմարտությունն էր բարձրաձայնում հայկական ջարդերի վերաբերյալ և հանդես գալիս հաշտեցման կոչերով: Խոսքը սոսկ գրքերի մասին չէ. Բաքուն միտումնավոր և շարունակաբար այրում է կամուրջները երկու ժողովուրդների միջև: «Այնտեղ, որտեղ այրում են գրքերը, ի վերջո կայրեն մարդկանց»: Գերմանացի դասականի խոսքերը բազմիցս ապացուցել են իրենց ճշմարտացիությունը: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի 2016թ. զեկույցում նշվում է. «Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: Համբուրգի նախարարական խորհրդի նախօրեին Ադրբեջանի ղեկավարությունը կրկնեց իր նկրտումները` պնդելով, թե ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանի Հանրապետության տարածքները, ներառյալ` մայրաքաղաքը, ադրբեջանական հողեր են, և կգա օրը երբ նրանք այնտեղ կվերադառնան: Ի՞նչ է սա, եթե ոչ տարածքային անթաքույց պահանջ ԵԱՀԿ մասնակից հարևան երկրի նկատմամբ՝ ի հեճուկս այս կազմակերպության հիմքում ընկած ընդհանուր արժեքների: Երկրորդ. ծանր զինատեսակների սրընթաց կուտակումը, ինչն իրականացվում է սպառազինությունների վերահսկման միջազգային համաձայնագրերի կոպտագույն խախտումներով, խոսում է ռազմական լուծման գնալու Ադրբեջանի հանդգնության մասին: Համաձայն 2015թ. միջազգային զեկույցների` Ադրբեջանը զենքերի հիմնական տեսակների խոշորագույն ներմուծողն էր Եվրոպայում: Երրորդ. համանախագահների կողմից առաջ քաշված վստահության ձևավորման միջացառումների մերժումը, ինչպիսիք են՝ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ դիտորդական կարողությունների ընդլայնումը, վկայում է, որ Ադրբեջանը ձգտում է սահմանափակել հակամարտության գոտում միջազգային մշտական ներկայությունը` ռազմական գործողությունների դիմելիս կաշկանդված չլինելու նպատակով: Այստեղ` ԵԱՀԿ-ում, այս մասին առավել քան տեղյակ են, քանի որ վստահության ձևավորման միջոցների վերաբերյալ այս առաջարկները շարունակաբար արգելափակվել են Ադրբեջանի կողմից, երբ ԵԱՀԿ-ում կոնսենսուսի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան ֆինանսական հատկացումներ իրականացնելու համար։ Չորրորդ. Ադրբեջանի ղեկավարությունն իր ռազմատենչ դիրքորոշման և հռետորաբանության մեջ երբեք չի խորշել խոստովանել, որ պատերազմը հնարավոր տարբերակ է: Որքան խորանում են ծայրահեղ հայտարարությունների ու անզիջում դիրքորոշումների մեջ, այնքան դառնում են սեփական հռետորաբանության գերին: Բաքվի ուժի սպառնալիքները մշտապես ուղեկցվում են իրադրության առավել վտանգավոր սրմամբ՝ հրադադարի առավել հաճախ խախտումներով, ծանր զինտեխնիկայի կիրառմամբ և դիվերսիոն ներթափանցման փորձերով: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը համանախագահների հետ միասին մշտապես ջանքեր են գործադրում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը սկզբունքորեն դեմ են ուժի կիրառմանը: Սա է հայկական ու ադրբեջանական մոտեցումների առանցքային տարբերությունը: Ի պատասխան եռանախագահ երկրների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը դատապարտող հայտարարությունների` Բաքուն շարունակ պնդում է, որ միջազգային իրավունքը առ ոչինչ է և միայն ուժի միջոցով է հնարավոր լուծել խնդիրները, ինչի մասին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կրկին անգամ հայտարարեց համբուրգյան հանդիպումից օրեր առաջ։ ԵԱՀԿ նախարարական հանդիպման նախօրեին ռազմատենչ հայտարարություններն ուղեկցվեցին լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմամբ՝ զինված ուժերի գրեթե ողջ անձնակազմի` 60 հազար զինվորների, ավելի քան 150 տանկերի, 700 հրթիռային ու հրետանային համակարգերի և ռազմական ավիացիայի ավելի քան 50 միավորների մասնակցությամբ, ինչը տեղի ունեցավ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի կոպտագույն խախտումներով։ Հինգերորդ. առավելապաշտական ու անզիջում կեցվածքը բանակցությունների սեղանի շուրջ, համանախագահ երկրների առաջարկների մերժումը` անգամ նրանց վերջնական փուլում, ինչպես դա եղավ 2011թ. Կազանի գագաթաժողովի ժամանակ, եռանախագահների առաջարկների մշտական աղճատումը և այլ ձևաչափերում միջնորդության առևտուր անելու փորձերը վկայում են, որ Ադրբեջանը ձգտում է խաթարել բանակցությունները և ժամանակ շահել իր ռազմական կարողություններն ընդլայնելու համար: Պատահական չէ, որ համանախագահներն իրենց հրապարակային հայտարարություններում կոչ են անում Բաքվին ձեռնպահ մնալ նման կեցվածքից: Պարոն նախագահ, Մենք համոզված ենք, որ ապրիլյան ագրեսիան մինչ օրս Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության գագաթնակետն էր, սակայն ոչ դրա ավարտը: Ադրբեջանը փութաջանորեն թաքցնում է ապրիլյան ագրեսիայի արդյունքում կրած իր ռազմական կորուստները` փորձելով արդարացնել իր արկածախնդրության բարձր գինը: Սակայն, անշուշտ, չի կարող թաքցնել այն փաստը, որ մարդկային կորուստների հետ մեկտեղ դրա զոհ է դարձել նաև խաղաղության գործընթացը: Ապրիլյան ագրեսայի հետևանքները հաղաթահարելու և խաղաղության գործընթացն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով համանախագահ երկրները կազմակերպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ երկու գագաթաժողով` մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ-Պետերբուրգում: Նախևառաջ, հրամայական է իրականացնել այն, ինչը շեշտվել էր ու ինչի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել այդ գագաթաժողովների ընթացքում, այն է` հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը, հրադադարի 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնումը: Հայաստանը համաձայնել է առաջ շարժվել այս հիմքի վրա: Ադրբեջանը չի հարգում այդ պայմանավորվածությունները: Սկզբից ևեթ Բաքուն հրաժարվեց կյանքի կոչել հետաքննության մեխանիզմի վերաբերյալ պայմանավորվածությունը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի դիտորդական առաքելության կարողությունների ընդլայնմանը, ապա Բաքուն փորձում է ոչ միայն խաթարել այդ առաջարկի իրականացումը, այլ անգամ խոչընդոտել հակամարտության գոտում վերջինիս կողմից ներկայումս իրականացվող գործողությունները՝ խախտելով առաքելությանը ԵԱՀԿ կողմից տրված մանդատը։ Ադրբեջանը ձգտում է բարդացնել դիտորդների աշխատանքը՝ փորձելով նրանց պահել հակամարտության գոտուց որքան հնարավոր է հեռու և նվազեցնել նրանց արագ արձագանքելու կարողությունը: ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ամրապնդումը ենթադրում է ոչ թե վերջինիս թիմի զուտ թվական աճ, այլ նրանց տեղակայում շփման գծի երկայնքով, իրականացվող դիտորդական առաքելությունների հաճախականության և արդյունավետության բարձրացում: Երբ խոսքը գնում է հակամարտության գոտում բնակվող մարդկանց անվտանգության մասին, ճղճիմ սակարկությունը տեղին չէ: 1994 և 1995թթ. զինադարարի համաձայնագրերի վավերականությունը կասկածի տակ դնելու Բաքվի փորձերը ձախողվեցին, քանի որ համանախագահ երկրները հստակորեն և վճռականորեն վերահաստատեցին, որ այս համաձայնագրերի դրույթներն անժամկետ են և դրանք պետք է խստորեն հարգվեն: Այս հակամարտության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը: Ուժ օգտագործելու շարունակական սպառնալիքները, և դրա կիրառումը ապրիլին, լուրջ վնաս հասցրեցին խաղաղության գործընթացին և մեծապես նպաստեցին ստատուս քվոյի պահպանմանը: Ուստի, ստատուս քվոյի հաղթահարումը նախ և առաջ պահանջում է հրաժարվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից: Երբ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, ապա խաթարում է ոչ միայն դրանց իրագործումը, այլև վնասում է խաղաղության ողջ գործընթացը, քանի որ նպաստում է Բաքվի հետ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն երբևէ կյանքի կոչվելու հույսի նույնիսկ նշույլների վերացմանը։ Վստահության բացակայության ներկա պայմաններում համանախագահ երկրներն առավել հաստատակամ կերպով պետք է հետամուտ լինեն Ադրբեջանի կողմից իր հանձնառությունների կատարմանը: Այս համաձայնությունների բարեխիղճ և առանց նախապայմանների իրագործումը կարող է դուռ բացել վստահության վերահաստատման համար, ինչն առանցքային նախապայման է հիմնահարցի հանգուցալուծման համար՝ հիմնված միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության վրա։ Դրանք հակամարտության կարգավորման տարրերի հետ միասին համանախագահ երկրների կողմից շարունակաբար ներկայացվել են որպես միասնական անբաժանելի մեկ ամբողջություն: Պարոն նախագահ, Հայաստանում է գտնվում Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք գրասենյակը, ինչը ինքնին վկայում է բոլոր երեք հարթություններում ԵԱՀԿ հանձնառությունների կատարման հարցում մեր հավատարմության մասին: Ադրբեջանն արդեն իսկ փակել է Բաքվում ԵԱՀԿ դաշտային առաքելությունը, իսկ այժմ շարունակական փորձեր է ձեռնարկում խոչընդոտելու երևանյան գրասենյակի մանդատի իրագործումը։ Սա ևս մեկ անգամ ցուցադրում է այդ երկրի իրական վերաբերմունքը ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՀԿ-ի ու այդ կառույցում իր հանձնառությունների հանդեպ: Վստահ ենք, որ Ադրբեջանին չպետք է հնարավորություն ընձեռնվի «արտահանելու» մարդու իրավունքների վերաբերյալ իր ռեպրեսիվ ընկալումը: Բաքվին պետք է հստակ զգուշացնել, որ այս գործում այն չի կարող հույսը դնել ուրիշների հանցակցության վրա: Պարոն նախագահ, Անցած դեկտեմբերին համազգային հանրաքվեով Հայաստանը սահմանադրական բարեփոխումներ իրականացրեց, որոնք միտված են մեր երկրում առավել կատարելագործելու կառավարման համակարգը՝ այն դարձնելով առավել թափանցիկ և հաշվետվողական: Դրան հետևեց նոր ընտրական օրենսգրքի ընդունումը՝ փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին համապատասխան։ Արժանահիշատակ է, որ թե սահմանադրական բարեփոխումները, թե Ընտրական նոր օրենսգիրքը մշակվել էին Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ սերտ համագործակցությամբ, և երկուսն էլ արժանացել էին մեր գործընկեր միջազգային կազմակերպությունների դրական արձագանքներին: Ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահությունն առավել ամրապնդելու նպատակով Կառավարությունն ընդունեց ընդդիմության առաջարկությունը, և օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներն անցակցվեցին խորհրդարանական քաղաքական խմբակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավասար ներգրավվածությամբ: Պարոն նախագահ, Ամփոփելով խոսքս` կցանկանայի վստահեցնել Ավստրիային, որ, որպես գալիք նախագահող, կարող է ակնկալել Հայաստանի աջակցությունը: Կցանկանայի նաև ողջունել Իտալիայի միացումը ԵԱՀԿ «տրոյկայի» ձևաչափին»:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png