Search

Վարչապետն առաջարկել է ՏՄՊՊՀ նախագահին առավել ուշադիր լինել տոնական օրերին ապրանքների գների արհեստակա



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Առաջին հանձնարարականը տրվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին. հաշվի առնելով ամանորյա տոները՝ տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ՝ ներառելով դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը: «Պարոն Հարությունյան, ինձ թվում է՝ շատ լավ հնարավորություն է արտակարգ ռեժիմ սահմանելու, հոսքը շատ է լինելու, որպեսզի մենք հասկանանք՝ մեր նեղ տեղերը որտեղ են, ինչպես անենք, որպեսզի մաքսիմալ կոմֆորտային պայմաններ ստեղծենք ներկրողների համար: Կան դրական արձագանքներ, որ, օրինակ, 5 հինգ օրվա մեջ ձևակերպել են 25 օրվա փոխարեն: Ես չգիտեմ՝ 5 օրը լա՞վ է, թե՞ ոչ, բայց մեկ անգամ էլ այդ ժամանակացույցերը նայենք»,-նշել է գործադիրի ղեկավարը: Շաբաթ-կիրակի, տոնական օրերին բանկերի աշխատանքն ապահովելու առաջարկությամբ վարչապետը դիմել է նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահին: Կարեն Կարապետյանն առաջարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, հաշվի առնելով ամանորյա տոները, առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և/կամ հակամրցակցային գործողություների կանխարգելման հարցում: «Մեր առաջարկությունը հետևյալն է՝ մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսվարողի շահն ապահովեք: Միջամտում եք միայն այն դեպքում, երբ հասկանում եք, որ դա արհեստական է, գերիշխող է, որպեսզի բեռ չդառնա բիզնեսի համար»,-ընդգծել է վարչապետը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia