Search

Նախատեսվում է առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների և օրին



Գործադիրի հավանությանն է արժանացել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթով նախատեսված օրինագծերի ընդունումը հնարավորություն կտա առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև անխոչընդոտ իրականացնել հիփոթեքային վարկի տրամադրման և հետագա սպասարկման հետ կապված տարբեր ընթացակարգերը: Սահմանվել են նաև կրեդիտավորողի պատասխանատվությունը պետության և վարկառուի առջև` նախագծով սահմանված դրույթները խախտելու համար: Կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների և այլ անձանց կողմից ֆոնդի մասնակիցների պատճառված վնասների հատուցման գործընթացը, այդ թվում՝ դեպքերը և հետադարձ պահանջի ծավալը, ինչը զերծ կպահի այդ գործընթացն իրավական ռիսկերից: Միասնական մոտեցում է սահմանվում նաև ֆոնդերի պահառուների համար: Օրենքների նախագծերով հնարավորություն է տրվում անձանց՝ էլեկտրոնային եղանակով ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը առանց մասնակիցների ռեեստրը վարողին լրացուցիչ դիմում ներկայացնելու: Առաջակվող փոփոխությունների նպատակն է՝ ստեղծել կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի մասնակիցների շահերի լիարժեք պաշտպանության և համակարգի նկատմամբ վստահության բարձրացման մեխանիզմներ: Գործադիրը հավանություն է տվել «Ճարտարապետական գործունեության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Մասնավորապես, «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունների հստակեցման, տարբեր բարդության քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործընթացի կանոնակարգման առանձնահատկությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ֆիզիկական անդամակցության հիման վրա ստեղծել Հայաստանի ճարտարապետների պալատ, որն իրականացնելու է, մասնավորապես՝ ճարտարապետների արտոնագրում, հաստատելու է էթիկայի կանոնները, վերահսկելու է դրանց կատարումը: Նախագծի մշակման հիմնական նպատակն է`ապահովել կառուցապատվող միջավայրի, շենքերի ու շինությունների հարմարավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը, ճարտարապետների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացու և հասարակության պաշտպանվածությունը ճարտարապետության ոլորտում ոչ արհեստավարժ գործունեության բացասական հետևանքներից: Արդյունքում ակնկալվում է ճարտարապետական գործունեության մասնագիտական որակի բարձրացում, բնագավառում առողջ մրցակցության ստեղծում: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը մշակվել է տևական ժամանակ և անցել է բազմաթիվ ընդլայնված քննարկումներով: Ի պատասխան վարչապետի հարցին, թե քանի տարի է մշակվել օրինագիծը՝ Նարեկ Սարգսյանը նշել է, որ օրենքի նախագիծը մշակվել է 2008-2009 թվականներից սկսած, բազմաթիվ քննարկումներից հետո 2012-2013 թվականներին դուրս է եկել շրջանառությունից և նորից շրջանառության մեջ է դրվել 2014 թվականին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia