Search

Մեր զինվորը խիզախ մարտիկ է, սակայն նա բազմապատիկ անգամ խիզախ է, երբ իր թիկունքում միասնականություն է



ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարին անդրադարձավ ԼՂ հակամարտության խնդրին: «Ադրբեջանը շարունակում է հոխորտալ, թե փորձելու է ուժի ու բռնության կիրառմամբ իր կամքը պարտադրել մեզ: Ապրիլին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սանձազերծեց Արցախի դեմ՝ պատերազմի հանցագործություններ կատարելով խաղաղ բնակչության և ռազմագերիների հանդեպ: Ադրբեջանի այդ ագրեսիան լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: Այժմ հիմնախնդրի կարգավորման ջանքերը բաժանվել են «ապրիլից առաջ» և «ապրիլից հետո» փուլերի: Թե՛ «առաջ», թե՛ «հետո» մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Հայաստանը և Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն: Սա է մեր և Ադրբեջանի մոտեցումների ամենաէական տարբերությունը: Խորապես համոզված եմ, որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է, որ կողմերը բանակցեն բարեխղճորեն: Սակայն ոչ պակաս կարևոր է, որ կողմերը նաև հստակ և իրատեսորեն գնահատեն ուժերի առկա հավասարակշռությունը»,– ասաց Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով՝ ապրիլյան իրադարձություններն ապացուցեցին, որ Բաքվում իրատեսության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Դա ակնհայտ է հենց իրենց հրապարակային հռետորաբանությունից: «Փաստն այն է, որ մեր բանակը լուծեց իր առջև դրված ռազմական խնդիրը՝ լինելով պաշտպանվող կողմ: Ադրբեջանը, հանկարծակի նախահարձակ լինելով, իր ռազմաքաղաքական խնդիրները լուծել չկարողացավ: Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել: Ադրբեջանի ղեկավարությունը շատ է սիրում բառային աճպարարություն անել: Մեկ խոսում է այն մասին, որ համանախագահող երկրներն իրեն ստիպում են ճանաչել ԼՂՀ անկախությունը, մեկ էլ նույնպիսի առոգանությամբ պնդում է, թե միջազգային հանրությունը լիովին կիսում է իրենց դիրքորոշումը: Համաձայնեք՝ սա շատ տարօրինակ «հետևողականություն» է»,– ասաց նա։ Սերժ Սարգսյանը շեշտեց, որ «մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը: Մենք Բաքուն գրավելու և կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում: Սակայն նաև շատ լավ գնահատում ենք, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող ենք հասցնել հակառակորդին: Կարծում եմ՝ ավելի մանրամասնելու կարիքը չկա»: «Մենք չենք մտնելու սպառազինությունների մրցավազքի մեջ: Դրանում որևէ իմաստ չենք տեսնում: Դրա փոխարեն մենք լավ պատկերացնում ենք մեր Զինված ուժերի առջև դրված խնդիրները: Մեր ռեսուրսները լիովին բավարարում են այդ խնդիրները լուծելու համար: Որևէ զենք և սպառազինություն ինքնին չի կարող լուծել մարտական գործողության ելքը: Մարդը՝ զինվորը, տակավին մնում է զինված ուժերի առանցքային միավորը: Մեր ջանքերի հսկայական բաժինը պետք է ուղղված լինի Զինված ուժերի անձնակազմի բարոյակամային հատկանիշների, մասնագիտական հմտությունների, մարտավարական ունակությունների կատարելագործմանը: Հայկական բանակի դեմքը հայ զինվորն է, որ բազմիցս ապացուցել է՝ մարտի դաշտում որոշիչը զենքը գործածելու կարողությունն ու մղումն է, կամքը, խիզախությունը, վճռականությունը, արժանապատվության զգացումը և առաքինությունը: Այո՛, սահմանին կանգնած մեր զինվորը խիզախ մարտիկ է, բայց նա բազմապատիկ անգամ խիզախ է, երբ իր թիկունքում միասնականություն է զգում՝ բոլորիս միասնական ոգին։ Հիշենք, որ 1992-94 թվականների մեր հաղթանակների մեջ պակաս դեր չուներ նաև այն փաստը, որ Ադրբեջանի ներքին քաղաքական դաշտում քաոս էր տիրում։ Սա կարևոր դաս է, որ երբեք չպետք է մոռանանք։ Եվ սա որևէ կերպ չի էլ նսեմացնում մեր զինվորների, մեր սպաների, մեր ժողովրդի խիզախությունը: Հայաստանի զինված ուժերը պետք է լինեն աշխարհում լավագույններից մեկը: Դրա համար մենք ունենք ամենակարևոր նախադրյալը՝ անփոխարինելի հարստությունը, որ մեր խրոխտ զինվորներն ու սպաներն են: Ժամկետային ծառայության զինվորները մեր երկրի ապագան են, նրանք մեր ապագա նախարարներն ու վարչապետներն են, մեր գիտնականներն ու գործարարները, մեր դեսպաններն ու մարզպետները: Բանակային փորձառություն՝ գումարած բարձրագույն և որակյալ կրթություն. սա մեր վաղվա հասարակությունն է, որ ձևավորվում է արդեն այսօր՝ բոլորիս աչքի առաջ»,– ասաց Նախագահը: Սերժ Սարգսյանը նաև ասաց, որ հայ մտավորականության մի նոր ու հզոր շերտ է ձևավորվել մեզանում, ինչը նախկինում չկար: Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է մեր էլիտայի արժանավոր հատվածը: Ազգի մտավոր և պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի մեր ամենաառողջ և կիրթ պատանիների ցանկությունը: Սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի որ նրա կենսագրությունը պատմություն է կյանքում հաջողակ լինելու մասին: «Մեր կուսակցության շարքերը համալրած՝ պաշտպանության նորանշանակ նախարարն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում սպաների՝ հատկապես երիտասարդ սպաների պաշտոնեական առաջխաղացման գործընթացը կատարելագործելու համար։ Ընդհանրապես, բանակը պետք է դառնա, և ես վստահ եմ, որ շատ արագ դառնալու է արդարության չափանիշ մեր հասարակության մեջ։ Համենայն դեպս, մեր բոլոր քայլերը դրան են տանելու։ Ավելին, պետական բոլոր օղակները շատ ավելի ուշադիր պետք է լինեն և ընդգծված առաջնայնություն պետք է տան տարբեր խնդիրներ լուծելուն ուղղված՝ մեր զինվորականներից, մեր սպաներից, մեր ժամկետային զինվորների ծնողներից ստացվող դիմումներին ու հայտերին»,– ասաց նա։ Խոսելով պաշտպանության նորանշանակ նախարարի մասին՝ ՀՀ Նախագահը ասաց, որ «Վիգեն Սարգսյանը վատ չի սկսել իր աշխատանքը։ «Մենք երկար քննարկել ենք մեր Զինված ուժերին վերաբերող շատ հարցեր և պայմանավորվել, որ կարճ ժամանակահատվածում բացի բանակի մարտունակության հետ կապված ընթացիկ խնդիրներից, որոնք պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում լինեն, պետք է ընդգծված առաջընթաց կարողանանք արձանագրել գնումների ոլորտում, ռազմական կրթության և ռազմաբժշկական հաստատությունների աշխատանքում»,– ասաց նա։ Նախագահի խոսքով՝ այսօր Հայաստանի զինված ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական և կադրային արդիականացման միջոցով մենք ձևավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծը և զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու: «Բանակը միաժամանակ կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը: Բանակը երկրի խոշորագույն սպառողներից մեկն է, ուստի այն չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի տնտեսական առաջընթացի վրա: Մեր զինված ուժերի կարիքները բավարարելուն ուղղված միջոցները, որքան հնարավոր է, պետք է ծախսվեն Հայաստանում. սննդից մինչև շինանյութ, սպառազինությունից մինչև ծրագրային ապահովում, այլ ապրանքներ ու ծառայություններ, որոնց կարիքը բանակն ունի: Մենք պետք է հնարավորինս առավելությունը տանք հայկականին՝ ակնկալելով, որ այդ կերպ երկրում ավելացված արժեք կստեղծվի: Խոսքս վերաբերում է հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որտեղ եղած նորարարությունների հիմնական պատվիրատուներից մեկը հենց բանակն է: Հայ մասնագետներն ունակ են ստեղծելու ժամանակակից պահանջները բավարարող լուծումներ: Բանակը պետք է օգուտներ քաղի այդ լուծումներից»,– ասաց Նախագահ Սերժ Սարգսյանը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia