Search

Մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017-ի գարնանը կազմակերպել անբիծ ընտրություններ. Սերժ Սարգսյան



Մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017-ի գարնանը կազմակերպել անբիծ ընտրություններ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին, Երեւանում մեկնարկած ՀՀԿ 16–րդ համագումարում ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ ը։

«Գալիք 2-3 տարիները կարեւոր են լինելու սահմանադրության դրույթները կյանքի կոչելու տեսանկյունից: Նոր սահմանադրությունն էականորեն բարձրանում է կուսակցությունների դերը: Այսուհետ ինքնաբերաբար վերանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների ձեւավորող շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները: Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա արտահայտվելու է կառավարող եւ ընդդիմադիր բեւեռների ավելի հստակ տարանջատմամբ: Անխուսափելի է դառնում քաղաքական միավորումների խոշորացումը: ՀՀԿ-ն հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում: 2016-2018 թթ փուլը պետք է լինի հնարավորինս սահուն, կայուն, եւ անցնցում: Մենք որպես համախոհների թիմ պետք է հանդես գանք որպես առաջնորդող եւ սկզբունքային, միաժամանակ բանակցող, միջնորդող, հակասությունները հարթող ուժ:

Քաղաքական դաշտի բյուրեղացման մեկ այլ օրինակ էին ՏԻՄ վերջին ընտրությունների արդյունքները: Այսօր ՀՀ համայնքների 70 տոկոսում ժողովրդի վստահության քվեն վայելում է հենց ՀՀԿ-ն: Սա խոսում է տեղերում աշխատանքի, մեր աշխատանքի արդյունավետության մասին:

Այո, մեզ անհրաժեշտ է ժողովրդի վստահության քվեն, բայց ոչ ամեն գնով: Մենք քվե ենք հայցում աշխատանքի դիմաց, վստահության եւ մեր ծրագրերի դիմաց եւ ամեն ինչ անում ենք, որ այդ քվեին արժանանաք արդար եւ ազնիվ ընտրական գործընթացի պայմաններում: Հենց այս համոզմամբ պետք է առաջ ընթանանք 2017-ին կայանալիք խորհրդարանի եւ Երեւանի ավագանու ընտրություններին:

Մենք շատ լուրջ ջանքեր ենք գործադրել, որպեսզի պատմական համաձայնության գանք ընդդիմության եւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ ընտրական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրների շուրջ: Այժմ մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017-ի գարնանը կազմակերպել անբիծ ընտրություններ: Մեզ պետք է հենց այդպիսի վստահության քվե»,– ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են ՀՀԿ-ում ընդգրկել խոստումնալից եւ բանիմաց երիտասարդների եւ բարձրացնելու են կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում:

«Դրա համար կարեւորեցինք ՀՀԿ քաղաքական դպրոցի ստեղծումը: Դրանով բարձրացնելու ենք քաղաքական կրթության մակարդակը ոչ միայն կուսակցության, այլ ողջ երկրի կտրվածքով: Ուրախ եմ, որ ՀՀԿ-ի որոշմամբ մեկնարկն արդեն տրվել է: ՀՀԿ դպրոցը բացել է իր դռները ավելի քան 100 երիտասարդների առջեւ:

Առաջարկում ենք արդիականցնել ՀՀԿ-ի ծրագիրը՝ ամրապնդելով ազգային պահպանողականության քաղաքական եւ գաղափարախոսական առանցքը: Մոտեցումներն արդեն շրջանառվել ու քննարկվել են ՀՀԿ կառույցներում, որի ամփոփումը կկատարի այս համագումարը:

Մեր պահպանողականությունը ոչ թե առհասարակ հնի, այլ հավերժականի հաստատումն է, մենք ոչ թե անցյալի այլ մնայունի պաշտպանն ենք: Մեր նպատակը անցյալում ստեղծված եւ հաստատված արժեքները սերունդներին փոխանցելն է: Այս իմաստով պահպանողականությունը անցյալի պաշտամունք չէ, մենք ապագայատենչ ենք եւ հակադրվում ենք հետադիմությանը»,– ասել է նախագահը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia