Search

Փոսալցման անհետաձգելի աշխատանքները չի կարելի թողնել մինչև գարուն. Տարոն Մարգարյան



Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման և փոսանորոգման, մայթերի վնասված սալիկների վերականգնման, ինչպես նաև շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրադառնալով մասնավորապես փողոցների փոսանորոգման աշխատանքներին և այս մասով պարբերաբար հնչող դժգոհություններին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացվող դիմում-բողոքներն ու համապատասխան լուծում տալ դրանց:

«Ճանապարհաշինական աշխատանքների որակի հետ կապված ցանկացած թերություն վարորդների համար դառնում է լրացուցիչ անհարմարության պատճառ: Թեև ներկայիս եղանակային պայմանները պլանային աշխատանքներ չեն ենթադրում, սական դա չի նշանակում, որ մեր քաղաքացիների այս հարցի վերաբերյալ դիմումները պետք է անտեսվեն: Փոսալցման անհետաձգելի աշխատանքները չի կարելի թողնել մինչև գարուն: Ըստ այդմ, ուսումնասիրեք քաղաքացիների այն դիմում-բողոքները, որոնց լուծումը հետաձգման ենթակա չէ: Հետևողական եղեք այս հարցում և համագործակցելով ճանապարհաշինական պարտավորությունները ստանձնած ընկերությունների հետ ապահովեք ընթացիկ փոսալցման աշխատանքների իրականացումը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ նախորդ շաբաթ գույքագրվել են վարչական շրջանների բոլոր գետնանցումները, որի արդյունքում 18 գետնանցումներից 12-ում արձանագրված թերությունները վերացվել են: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունն ու քայլեր ձեռնարկել սեղմ ժամկետներում սեփականատերերի և վարձակալների միջոցներով բոլոր գետնանցումները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia