Search

Համաշխարհային, հայաստանյան պրեմիերաներ և մեծահամբավ մենակատարներ՝ խաչատրյանական փառատոնում



Նոյեմբերի 8-ին Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի սիմֆոնիկ համերգի ընթացքում հնչել են համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ։ Ալեքսեյ Շորի Նվագախմբի Երեք պիեսները համաշխարհային պրեմիերա էին։ Նույն հեղինակի կլարնետի և նվագախմբի համար գրված Վերդիանան առաջին անգամ էր ներկայացվում Հայաստանում։ Համերգային ծրագրում հնչել են նաև Ալեքսանդր Հարությունյանի Սիմֆոնիետան՝ գրված լարայինների համար և Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես են եկել աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ՝ կլարնետահար Ջուլիան Միլկիսը (Կանադա) և դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին (Իտալիա/Ուկրաինա)։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Խաչատրյանի միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների։ Երաժշտական աշխարհի առաջատար կլարնետահար, լեգենդար Բենի Գուդմանի ուսանող, Ջուլիարդ դպրոցի սան Ջուլիան Միլկիսը վայելում է մենակատարի, կամերային երաժշտի, մենահամերգներով և ջազային ստեղծագործությունների կատարումներով հանդես եկող արտիստի միջազգային համբավ: Ջ.Միկլիսը հանդես է եկել աշխարհահռչակ այնպիսի համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի Քարնեգի Հոլը և Լինքոլն կենտրոնը, Պլեյել համերգասրահը և Salle Gaveau-ն Փարիզում, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահը, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճը և այլն։

Դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկուն հայ հանդիսատեսը մեծ սիրով է սպասում և ընդունում։ Ինչպես ինքը՝ դաշնակահարն է ասում, Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը։ Աշխարհում մեծ պահանջարկ ունեցող դաշնակահարը 17 տարեկանում արժանացել է Բուզոնիի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակին (Իտալիա)։ 2013-ից Ռոմանովսկին երիտասարդ դաշնակահարների Կրայնևի միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավարն է։ Որպես մենակատար Վալերի Գերգիևի ղեկավարությամբ հանդես է եկել Մարիինյան թատրոնում՝ նույն թատրոնի նվագախմբի հետ, Ջեյմս Քոնլոնի ղեկավարությամբ՝ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Ալան Ջիլբերթի ղեկավարությամբ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ինչպես նաև՝ Լոնդոնի Բարբիքան կենտրոնում ՝ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և այլն։

Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia