Search

Իտալիան Հայաստանի համար բարեկամ երկիր է. Կարեն Կարապետյան



Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը նշել է, որ Իտալիան Հայաստանի համար բարեկամ երկիր է եւ փաստել, որ առկա է երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Կառավարութան ղեկավարն ընդգծել է, որ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը համապատասխան չէ պոտենցիալ հնարավորություններին եւ համոզմունք հայտնել, որ տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման ներուժը շատ ավելի բարձր է: Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ կառավարության ծրագրի կարեւորագույն ուղղություններից են բարեփոխումների իրականացումը, արտահանման խթանումը եւ ներդրողների համար առավելագույն գրավիչ պայմանների ստեղծումը: Այդ համատեքստում, վարչապետը նշել է, որ առաջիկայում դիվանագիտական խողովակներով արտաքին գործընկերներին կներկայացվեն ներդրումային տարբեր ծրագրեր եւ նախաձեռնություններ, որոնք կարող են հետաքրքրել նաեւ իտալացի ներդրողներին: Նշելով, որ Հայաստանում այսօր գրանցված է իտալական կապիտալի մասնակցությամբ 130-ից ավելի ձեռնարկություն՝ գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կան համագործակցության լայն հնարավորություններ տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

Պաոլո Ջենտիլոնին եւս ընդգծել է առեւտրատնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ ներկայում ընթացքի մեջ են երկկողմ համագործակցությամբ իրականացվող ներդրումային ծրագրեր, այդ թվում՝ ՀՀ-ում ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը եւ համաձայնել, որ տնտեսության տարբեր ճյուղերում կան փոխգործակցության լավ նախադրյալներ: Այդ առումով, զրուցակիցները կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը եւ նշել, որ այն կարող է նպաստել գործարար կապերի սերտացմանը, ներդրումային կոնկրետ ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը:

Պաոլո Ջենտիլոնին ողջունել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները եւ նշել, որ մեր երկրի ներդրումային գրավչությունը պայմանավորված է նաեւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ:

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը եւ Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ մի շարք այլ հարցերի:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia