Search

Կկիրառվի գազի և էլեկտրաէներգիայի սակագների սահմանման տարբերակված մոտեցում



Գործադիրն ընդունել է «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» որոշում, ըստ որի սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները: Միաժամանակ առաջարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս սույն որոշմամբ նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ: Կառավարությունն ընդունել է նաև «Գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագնի մեղմանն ուղղված միջոցառումների մասին» որոշում: Առաջարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բնական գազի սակագին սահմանելիս տարբերակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների սպառողական խումբը` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի համար սահմանելով խթանիչ սակագին: Հիմնավորման համաձայն, այս որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից: Որոշմամբ հնարավորություն կտրվի ընկերությունների համար կիրառել գազի խթանիչ սակագին: Հաշվի առնելով, որ ոլորտի արտադրանքի ինքնարժեքի մեջ գազի տեսակարար կշիռը բավականին բարձր է, խթանիչ սակագնի կիրառման դեպքում կբարձրանա արտադրանքի մրցունակությունը, ինչն էլ կբերի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia