Երևանում բոտուլիզմի դեպք է արձանագրվել

Հոկտեմբերի 31-ին Երևանում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով, որից մեկը մահվան ելքով:
ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված ծիծակի օգտագործումն է:
Ընտանիքի 4 անդամը պահածոյացված սնունդն օգտագործել են հոկտեմբերի 26-ին: Ուտելուց 24 ժամ անց առաջին հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ (ընդհանուր թուլություն,մշուշոտ տեսողություն, երկտեսություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում): Ընտանիքի մյուս երեք անդամի մոտ բոտուլիզմին բնորոշ ախտանշաններնի հայտ են եկել ուտելուց 3 օր անց:
Հոկտեմբերի 30-ին առաջին հիվանդի վիճակը վատթարացել է, որը Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ ևհոկտեմբերի 31-ի կեսօրին մահացել է:
Նույն օրը «բոտուլիզմ» ախտորոշմամբ «Արմենիա» ՀԲԿ են հոսպիտալացվել նաև ընտանիքի մյուս անդամները, նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ:
Ներկայումս, հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.
խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:
Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, բերանիչորություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, բբերի լայնացում, կոպի իջեցում, խոսքի խանգարում (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձություն, կլմանակտի խանգարում, հավասարակողմ կաթված:




Comments