Search

Մահացել է արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը



Այսօր կյանքի 77-րդ տարում երկարատև հիվանդությունից մահացել է տաղանդավոր արձակագիր, թարգմանիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը: Ռուբեն Հովսեփյանը 1962թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1982-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականերին՝ ՀԳՄ քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ է (2014)։ Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ («Որոնումներ», 1965, «Երկու վիպակ: Ճիչ: Հայոց թաղ», 1970, «Հնձան», 1972 (համանուն կինոնկար, 1973), «Ամենատաք երկիրը», 1977 (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980 (ժողովածուներ)): Ռուբեն Հովսեփյանը նաև թարգմանիչ է, թարգմանել է Լև Տոլստոյ, Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»: Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.

«Ռուբեն Հովսեփյանը հրաշալի զգում էր ժամանակն ու իրականությունը` ձգտելով դրանք առավել ճշմարտացի ու անմիջականորեն արտացոլել գրական ստեղծագործության միջոցով, իրեն հատուկ խորաթափանցությամբ: Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը լինելուց բացի նա նաեւ բարձրակարգ թարգմանիչ էր, ում շնորհիվ հայալեզու ընթերցողին հասու են դարձել համաշխարհային գրականության շատ գոհարներ: Նա նաեւ մի շարք հայտնի ֆիլմերի համար գրված սցենարների հեղինակ է:

Ռուբեն Հովսեփյանի թողած գրական ժառանգությունը մնայուն հիշողություն է, որը նրա լուսավոր մարդկային կերպարի հետ մշտապես ուղեկցելու է նրան ճանաչողներին »:

Ազգային ժողովի նախագահն իր ցավակցության եւ մխիթարանքի խոսքերն է հղել Ռուբեն Հովսեփյանի ընտանիքին, հարազատներին եւ նրա գրականությունը գնահատողներին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia