Search

Խաչատրյանի փառատոնի շրջանակներում կայացել է Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը



Հոկտեմբերի 26-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում խաչատրյանական փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանի (Գերմանիա) մենահամերգը։

Լիլիթ Գրիգորյանը մի շարք մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Ֆրանսիս Պուլենկի անվան և Piano Campus մրցույթների (Ֆրանսիա), Vianna da Motta մրցույթի (Պորտուգալիա), Պադերևսկու անվան մրցույթի (Լեհաստան), Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի (Հայաստան) և Յամահա հիմնադրամի: Նա արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի։ 2010-ից Լիլիթ Գրիգորյանը դասավանդում է Ռոստոկի Երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում:

Երևանյան մենահամերգի ընթացքում հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրային սոնատը, Ֆրանց Լիստի Դաշնամուրային սոնատը, Ֆրանց Շուբերտի 2 էքսպրոմտ, Սերգեյ Ռախմանինովի Երաժշտական ակնթարթներ ստեղծագործությունները։

Լիլիթ Գրիգորյանը նշում է, որ առաջին անգամ է մասնակցում Խաչատրյանի փառատոնին։ «Ես՝ որպես դաշնակահարուհի, շատ գնահատում եմ Խաչատրյանի արվեստը և փորձում եմ ինքս էլ միշտ ներկայացնել նրա երաժշտությունը։ Շատ կարևոր է ունենալ Խաչատրյանի փառատոն ու նպաստել նրա ստեղծագործությունների տարածմանը»,- ասում է դաշնակահարուհին։

Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Փառատոնի հովանավորներն են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Անի պլազան», «Երևանի կոնյակի գործարանը», ԱրմՍվիսԲանկը։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia