Search

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժային



ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախորդ` սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Նիկոլայ Բորդյուժայի աշխատանքը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում, այդ թվում՝ Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման և անցկացման, մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության մշակման գործում: Նշելով, որ երևանյան նիստը բավականին հագեցած օրակարգ ունի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպությունում Հայաստանի բավականին արդյունավետ նախագահության շրջանում նշանակալի որոշումներ են կայացվել, որոնք լուրջ խթան կհաղորդեն կազմակերպության հետագա զարգացմանը: Նիկոլայ Բորդյուժան դրանց թվում նշել է հավաքական անվտանգության ռազմավարությունը, ահաբեկչության դեմ պայքարի լրացուցիչ միջոցների վերաբերյալ ծավալուն փաստաթուղթը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia